ՌԴ-ն հաստատել է Ղազախստանի հետ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը
ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր հաստատել է Ղազախստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը, որը կնքվել էր Աստանայում այս տարվա հունվարի 30-ին:
Այս փաստաթղթով սահմանվում են միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ձևավորման մասին միջազգային-իրավական հիմքերը, որը ԱՊՀ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի կարևոր բաղադրիչներից մեկն է լինելու:
Միասնական ՀՕՊ համակարգի ուժերը կգլխավորի հրամանատարը, որը կնշանակվի ՌԴ-ի և Ղազախստանի նախագահների կողմից` երկու երկրների պաշտպանության նախարարների առաջարկով: Հրամանատարական շտաբը տեղակայված է լինելու Ղազախստանում: Փաստաթղթում նաև նշվում է, որ ռազմական վտանգի կամ ռազմական սպառնալիքի կիրառման դեպքում Ռուսաստանը և Ղազախստանը իրավունք են ունենում որոշում ընդունել կիրառել իրենց ռազմական ուժերը` «նախատեսված ազգային օրենսդրության համաձայն»: Համաձայնագիրը նախատեսված է 5 տարվա համար և յուրաքանչյուր 5 տարուց հետո այն վերահաստատվելու է:
Պետք է նշել, որ դեռևս նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ նախատեսվում է ստեղծել ՀՕՊ տարածաշրջանային համակարգ, որի մեջ մտնելու են Ղազախստանը և Հայաստանը: Նման համակարգ արդեն իսկ գործում է Ռուսաստանի ու Բելառուսիայի միջև: