Ես Շանթ Հարությունյանի առողջության պատասխանատուն եմ. Հրայր Թովմասյան
Այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի կազմակերպված երթի ժամանակ կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցները տեսան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որը նստում էր մեքենա: Ակցիայի մասնակիցները սկսեցին բացականչել. «Ա-մոթ, ա-մոթ, ա-մոթ»: Թովմասյանի ծառայողական մեքենան մի փոքր առաջ գնաց, սակայն անմիջապես կանգնեց և նախարարը դուրս եկավ, մոտեցավ ակցիայի մասնակիցներին և պատասխանեց լրագրողների հարցերին:
«Շանթ Հարությունյանը երեկ իմ հանձնարարությամբ տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, որովհետև Շանթ Հարությունյանը ինձ համար կալանավոր է և ունի առողջական խնդիրներ: Ինձ համար կապ չունի` ինչի համար, բայց ես նրա առողջության պատասխանատուն եմ և ամեն ինչ անելու եմ, որ նրա առողջությանը վտանգ չսպառնա», -հայտարարեց նախարար Թովմասյանը:
Դիտարկմանը, թե քաղաքական հայացքների համար է Շանթ Հարությունյանի նկատմամբ նման վերաբերմունք դրսոևորվում, նախարարը պատասխանեց. «Քաղաքական հայացքների համար է, ինչ է, դիմեք նախաքննական մարմիններին»:
Այնուհետև հարցին, թե չի՞ ժխտում նախարարը, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Թովմասյանը պատասխանեց. «Ես ժխտում եմ, որ նա քաղաքական հայացքների համար է կալանավորվել»:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիային, ապա Թովմասյանն ասաց, որ նորմալ է, որ նման ակցիաներ են իրականացվում, քանի որ դա քաղաքացիական հասարակության դրսևորում է:
Հարցերին պատասխանելուց հետո Հրայր Թովմասյանը գնաց ակցիայի մասնակիցների` «հանցագործ հեռացիր» բացականչությունների ուղեկցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը