Աշխատանքում թերացած համատիրությունների ղեկավարները կենթարկվեն խիստ պատասխանատվության
«Տեղումների օրերին Երևանում ոչ բոլոր համատիրություններն են աջակցում ձնամաքրմանն ու շքապատշգամբներից կախված սառցալեզվակների հեռացմանը կամ դա թերի են կատարում»:
Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը` վարչական շրջաններում գործող համատիրությունների նախագահների և աշխատանքները համակարգող, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բնագավառի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի, այսուհետ իրենց պարտականություններում թերացած համատիրությունների ղեկավարները կենթարկվեն խիստ պատասխանատվության`ընդհուպ մինչև պաշտոնավարման նպատակահարմարության քննարկումը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, բացի այդ, պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով կկազմակերպվեն անակնկալ ստուգայցեր: Մինչ այդ առանձին ուղղություններով թերացած համատիրությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ և բացթողումները շտկելու ժամկետներ:
Հանդիպման վերջում Կառլեն Ղազարյանը մեկ անգամ նշել է, որ 2014 թվականը համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով բեկումնային է լինելու: