Չինաստանից թռչնամսի ներկրումը Հայաստան արգելվել է
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հրաման է ստորագրել, որով արգելվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից կենդանի թռչնի և բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը Հայաստան:
ՍԱՊԾ-ից տեղեկացնում են, որ որոշումը հիմնավորվում է Չինաստանի տարածքում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդությամբ:
Բացի թռչնի մսից` արգելվել է նաև ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
Նշվում է նաև, որ հրամանի գործողությունները չեն տարածվում մինչև 2014 թվականի հունվարի 20-ը Չինաստանից արտահանված վերը նշված ապրանքների վրա: