Մոտ 170 հազար Հայաստանի քաղաքացիների արգելվել է մուտք գործել Ռուսաստան
Մոտ 170 հազար ՀՀ քաղաքացիներ, որոնց ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը լրացել է և որոնք չեն ձևակերպել աշխատանքային գործունեության համար փաստաթղթեր, հայտնվել են Ռուսաստան մուտքի արգելքի «ռիսկային խմբում»: Այս մասին հայտնում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան միգրացիոն հարցերով աշխատակից Սվետլանա Ստեպանովային: Արգելքը նրանց համար կտևի 3-ից 5 տարի` կապված Ռուսաստանում կեցության խախտումների տեսակից:
Իսկ Ռուսաստան մուտքի արգելքի մասին շատ քաղաքացիներ իմացել են միայն այն բանից հետո, երբ գնել են ավիատոմսեր` պատրաստվելով դուրս գալ Հայաստանից: Միայն օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում` չհասկանալով խնդրի բնույթը, քաղաքացիները իմացել են, որ չեն կարող մեկնել Ռուսաստան: Դրանից հետո նրանց տոմսերը հետ չեն վերադարձվել, ինչպես նաև չեն տրվել մերժման հետ կապված բացատրություններ, ինչը առաջացրել է քաղաքացիների վրդովմունքը:
Սվետլանա Ստեպանովան նաև հայտնել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանում ապրում է 800 հազար աշխատանքային ներգաղթյալ Հայաստանից: ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում առանց վիզայի իրավունք ունեն մնալ 90 օր: Դրանից հետո նրանք պետք է լքեն Ռուսաստանը և վերադառնան միայն երեք ամիս անց: Այդ օրենքի համաձայն` տարվա սկզբից մինչև փետրվարի 10-ը ներառյալ արգելվել է 573 հազար օտարերկրացու մուտքը Ռուսաստան: