Ս.Ֆարմանյան. Մարտի 1-ը հնարավոր կլինի օբյեկտիվորեն բացահայտել, երբ այն դադարի լինել քաղաքական օրակարգի ձևավորման աղբյուր
Մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանի նորանկախ պատմության մեջ դարձան երկրորդ խարանը՝ հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո: Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծի քննարկման շրջանակում:
«Արդեն վեց տարի տևող հասարակական-քաղաքական դիսկուսում ես չեմ հանդիպել որևէ պնդման, քաղաքական կամ ապաքաղաքական որևէ շրջանակի կողմից արված որևէ հայտարարության, որը կասկածի տակ կդներ մարտի 1-յան իրադարձությունների անաչառ և ամբողջական հետաքննության, տասը զոհերի լիարժեք բացահայտման և քննչական ու իրավապահ մարմինների գործողությունների դիտարկման անհրաժեշտությունը: Բայց արդարությունը պահանջում է արձանագրել, որ ցավոք խորհրդարանական կամ այլ ժամանակավոր հանձնաժողովների ստեղծմամբ այսօր հազիվ թե հնարավոր է հասնել դրված խնդիրների լուծմանը»,- նշեց Ս.Ֆարմանյանը:
Նաև պարզաբանեց, որ վեցը տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները և դրանց մասին տիրապետող գնահատականները խոշոր հաշվով քաղաքականացված են և մասն են 2008թ-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ քաղաքական իշխանության և ընդդիմության ունեցած տրամագծորեն հակառակ գնահատականների: Եվ որ ինչպիսի եզրակացության էլ հանձնաժողովը գա, դա հասկանալիորեն լինելու է քաղաքականացված գնահատական՝ հիմնավորելու գոյություն ունեցող այս կամ այն կարծիքը:
«Թող ներեն ինձ լավատեսները, բայց չեմ պատկերացնում, թե քաղաքական ուժերի դասավորվածության այս պայմաններում ինչպիսի եզրակացության պետք է հանգի խորհրդարանական հանձնաժողովը, որը կբավարարի նույն խնդրի վերաբերյալ լրիվ հակառակ տեսակետներ ունեցողներին: Ուստիև դառը, բայց ճշմարտություն է, որ մարտի 1-ի իրադարձությունները հնարավոր կլինի օբյեկտիվորեն բացահայտել և շահել հանրության վստահությունը այդ բացահայտումների շուրջ միայն այն ժամանակ, երբ այդ և հարակից իրադարձությունները կդադարեն լինել քաղաքական օրակարգի ձևավորման կարևոր աղբյուր և մարտիմեկյան թեման կդադարի կրել քաղաքականացված դրոշմը»,-հավելեց Ս.Ֆարմանյանը: