Է.Շարմազանով. Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր այսօրվա հայտարարությունը նվիրել էր հարևան երկրի կողմից հրադադարի ռեժիմը շարունակ կոպտորեն խախտելուն: Ըստ Շարմազանովի` հարևան երկիրը համառորեն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական կոչերը և սրա վառ ապացույցն այն է, որ նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի կողմից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը.
«Ակնհայտ է, որ այս ամենն արդյունք է Ադրբեջանի ղեկավարության ֆաշիստական և հայատյաց քաղաքականության: Եվ այս ամենից հետո նրանք դեռ իրենց հասարակությունն անվանում են հանդուրժողական: Կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ գերմանական նացիստներն էին իրենց շարժումը կոչում քրիստոնեական: Մեկնաբանություններն ավելորդ են»,- հայտարարությունների ժամին նշեց ՀՀԿ-ական փոխխոսնակը:
Պատգամավորը անդրադարձավ նաև վերջին օրերի զարգացումներին, երբ բոլորի ուշադրության կենտրոնում են թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները:
«Անդրադառնալով Քեսաբի իրադարձություններին նախագահ Սարգսյանն իրավացիորեն նշեց. «Քեսաբի հայերի՝ թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է»: Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա բացահայտ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային խաղաղությանը, այլեւ ազդակ` ՄԱԿ-ի և այն միջազգային կառույցների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ»,- շեշտեց Է.Շարմազանովը:
Բանախոսը նաև մատնանշեց, որ վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին իր ակտիվ մասնակցությունն է բերում նաև քաղաքացիական հասարակությունը, որի կայացումը համարեց բոլորիս ձեռքբերումը:
«Մենք ողջունում ենք քաղաքական բազմակարծության ցանկացած օրինական դրսևորում, սակայն ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ քաղաքական գործիչներ բազմակարծություն ասելով հասկանում են զրպարտանք և անձնական վիրավորանք: Նրանք ակնհայտորեն մոռանում են, որ դիմացինին զրպարտելով և վիրավորելով իրենք չեն բյուրեղանում: Հիշենք, որ մարդկային ամենագնահատելի առաքինություններից մեկը չափի զգացումն է»,- հավելեց իր ելույթը նա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր