Ռիչարդ Գիրագոսյան. Եթե ԱԺ նախագահը վարչապետ դառնա, հետքայլ կլինի Հայաստանի զարգացման առումով
Հայաստանի հաջողությունները արտաքին քաղաքականության մեջ հիմնված են ուրիշների` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թույլ տրված սխալների վրա և հիմնական ուղղությունները պետք է լինեն այդ սխալներից օգուտ քաղելը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը:
Խոսելով ուկրաինական ճգնաժամի` Հայաստանի վրա ունեցած ազդեցության մասին քաղաքագետը նշեց, որ Հայաստանը բավական դժվարին իրավիճակում էր հայտնվել, սակայն Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեռևս օբյեկտիվորեն ուժեղ դիրքերում է. «Հայաստանի ընտրությունը քվեարկության ժամանակ սխալ էր, սակայն այն դեռևս մեծ գին չի վճարել դրա համար, և պարտադիր էլ չէ, որ վճարի, քանի բոլոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ են կիրառվում»:
Ըստ Ռիչարդ Գիրագոսյանի` պետք է ընդունել, որ Հայաստանի Արտգործնախարարությունը և Պաշտպանության նախարարությունը այն գերատեսչություններն են, որոնք իսկապես արդյունավետ աշխատանք են կատարում:
Իսկ վերջին 4 տարիների ընթացքում նա մեր արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը համարեց սեպտեմբերի 3-ը և էլի սեպտեմբերի 3-ը, երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման հետ պայմանագիրը ստորագրելուց
Հանդիպմանը ներկա Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ համարեց, որ սեպտեմբերի 3-ը հայ դիվանագիտության ձախողում չէր, որոշումն ընդունվել է Հայաստանից դուրս և Հայաստանը չէր կարող խուսափել այդ որոշումից:
Անդրադառնալով վարչապետի հրաժարականին`Ռիչարդ Գիրագոսյանը կարծիք հայտնեց, որ այդ հրաժարականի վրա Ռուսաստանի ազդեցությունը չի եղել, այդ որոշումը կայացվել է երկու Սարգսյանների կողմից` նախագահի և վարչապետի:
Ալեքսանդր Իսկանդարյանն էլ հավելեց, որ վարչապետի հրաժարականից հետո փոփոխություններ կլինեն, բայց դրանք չեն լինի հեղափոխական փոփոխություններ:
Լրագրողների այն հարցին, թե ինչ կլինի, եթե ԱԺ նախագահը վարչապետ դառնա, Ռիչարդ Գիրագոսյանն ասաց. «Դա հսկայական պարտություն ու հետքայլ կլինի Հայաստանի ժողովրդավարության ու զարգացման առումով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց