Հայ-թուրքմենական երկկողմ և ընդլայնված ձևաչափով բանակցություններ. Սերժ Սարգսյանը Թուրքմենստանում է
Այսօր Թուրքմենստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները:
Նախագահի մամուլի գրասենյակից հաղորդում են, որ հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող են մի շարք փաստաթղթեր:
Մասնավորապես ստորագրվել են՝ Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև համագործակցության մասին համաձայնագիր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի համագործակցության մասին պայմանագիր, Երևան և Աշգաբատ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Թուրքմենխովայելլարի» պետական ազգային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015 թվականների համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն: