«Թվիթերն արգելափակելու որոշումն աննախադեպ ոտնձգություն է Թուրքիայում»
ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանը ելույթ է ունեցել ինտերնետի հասանելիության վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք ելույթը.
«Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն բարելավվել է համացանցի հասանելիությունը` գների իջեցման և ցանցի կատարելագործման հետևանքով:
Վերջին տասնամյակում Հայաստանն իրականացրել է ՏՏ ոլորտի ազատականացմանը ուղղված արմատական քայլեր, այդ թվում և նոր նորմատիվ համակարգի ներդրում, ինչը և հանգեցրել է մենաշնորհի վերացմանը: Հեռահաղորդակցության ոլորտի ազատականացումը շատ կարևոր ցուցանիշ է Հայաստանի համար:
Կարևորելով համացանցի հասանելիությունը, ինչն իր մեջ ներառում է առանց պետական մարմինների միջամտության կարծիքներ, մտքեր և այլ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունք` ես խորին մտահոգված եմ հարևան Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններով` այս ամենի ապահովման հարցում:
Թվիթերն արգելափակելու որոշումն աննախադեպ ոտնձգություն է Թուրքիայում ինտերնետ ազատության և խոսքի ազատության նկատմամբ: Եվ հատկանշական է, որ այս ամենն արվում է Թուրքիայում կարևոր տեղական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Ինչպես գիտեք, հենց Թվիթերի միջոցով են տարածվել մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներ, որոնցում պարզ արտահայտվում էր ոչ միայն Թուրքիայի կառավարության կոռուպցիոն պատկերը, այլ և ճնշումները բիզնեսի և լրատվամիջոցների վրա:
Թվիթերի արգելափակելուց հետո Թուրքիան արգելափակել է նաև YouTube-ի և Գուգլ որոնողական ընդհանուր ցանցի հասանելիությունը իր երկրի քաղաքացիների համար:
Այս վճռական քայլերը, որոնցով խախտվում է ինտերնետի հասանելիության օրենքը, ցուցանիշն են այն իրողության, թե որքան հեռու է պատրաստ գնալ Թուրքիայի կառավարությունը` հակակառավարական քննադատությունը կանխելու համար: Այս ամենի հետևանքով ամենևին էլ զարմանալի չեն այդ երկրի վերջին ընտրությունների արդյունքները: Ներկայիս իշխող կուսակցությունը, չնայած Թուրքիայում ընթացող երկարատև բողոքների, ցույցերի և դատական ու իրավապահ մարմինների վրա ճնշումների, այնուամենայնիվ, հաղթել է ընտրություններում:
Ըստ էության, որոշ ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաններ դատապարտել են սոցիալական ցանցերի արգելափակումը Թուրքիայում, բայց վստահ եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում և մեր Խորհրդարանական վեհաժողովը և անդամ պետությունները, պետք է խստորեն դատապարտեն այս անընդունելի իրողությունը` բանաձևերով կամ հատուկ հայտարարություններով` հետագայում այլ երկրներում նման իրավիճակները բացառելու համար»,-ասված է ելույթում: