Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում փակել գազն Ուկրաինայի համար, սակայն…
Ռուսաստանը երաշխավորում է եվրոպական պետությունների առաջ ստանձնած գազային պարտավորությունների կատարումը: Մոսկվան մտադիր չէ փակել գազն Ուկրաինայի համար, սակայն ստիպված է անցնել կանխավճարային համակարգին: Այս մասին «Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք չենք պատրաստվում փակել գազն Ուկրաինայի համար, սակայն 2009թ.-ին ստորագրված և գործող համաձայնագրով, որը ոչ ոք չեղյալ չի հայտարարել, «Գազպրոմն» իրավունք ունի և ՌԴ կառավարությունն առաջարկում է անցնել կանխավճարի»,- նշել է Պուտինը՝ պարզաբանելով, որ հաջորդ ամիս Ուկրաինան կստանա այնքան գազ, որքան կվճարի այս ամիս:
«Մենք ունենք նման իրավունք, խնդրում եմ ՌԴ կառավարությանն ու «Գազպրոմին» ծանոթացնել Եվրոպայում մեր գործընկերներին այդ համաձայնագրի դրույթներին»,- ասել է նա:
Պուտինը հրահանգել է ՌԴ ԱԳՆ-ին լրացուցիչ տեղեկություններ հաղորդել եվրոպական պետություններին և հիշեցնել, որ «Գազպրոմը» սոսկ ռուսական առևտրային ձեռնարկություն չէ, այլ բաժնետիրական ընկերություն, որտեղ բաժնեմասերի 50%-ը պատկանում է մասնավոր ընկերություններին ու ֆիրմաներին, այդ թվում՝ արտասահմանյան:
Նա նաև պնդել է, որ «Գազպրոմը» չի կարող իր վրա վերցնել ուկրաինական տնտեսությունը սուբսիդավորելու ողջ բեռը:
«Դա անհնար է, դա բոլորը պետք է հասկանան: Ռուսաստանը գործում է շատ զգույշ, կշռադատված և և մեր գործընկերների հանդեպ հարգանքով: Մենք, անշուշտ, երաշխավորում ենք ամբողջությամբ կատարել եվրոպացի սպառողների առաջ ստանձնած պարտավորությունները: Հարցը մենք չենք, հարցը Ուկրաինայի տարածքով տարանցման ապահովումն է»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան