ՆԱՏՕ-ն հերքում է. Դաշինքը որևէ երաշխիք չի տվել Ռուսաստանին դեպի արևելք չընդլայնվելու վերաբերյալ
ՆԱՏՕ-ն չի տվել երաշխիքներ Ռուսաստանին դեպի արևելք չընդլայնվելու և նրա սահմանների մոտ ռազմական ենթակառուցվածքներ չկառուցելու վերաբերյալ: Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում:
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան հանգեցրել է Ռուսաստանի միջազգային մեկուսացմանը, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ ողջ գործնական համագործակցության դադարեցմանը: Իր գործողություններից շեղելու համար Ռուսաստանը մեղադրանքներ է հնչեցրել ՆԱՏՕ-ի հասցեին, որոնք հիմնված են փաստերը խեղաթյուրելու և Ռուսաստանի հետ գործընկերությունը կառուցելու ՆԱՏՕ-ի համառ ջանքերն անտեսելու վրա: Ռուսաստանն անհիմն հարձակվում է ուկրաինական իշխանությունների լեգիտիմության վրա և ուժ է գործադրում, որպեսզի զավթի Ուկրաինայի տարածքների մի մասը»,- նշված է հոդվածում:
Ասվում է, որ ռուս պաշտոնական անձինք պնդում են, որ 1990թ.-ին ԱՄՆ-ի ու Գերմանիայի պաշտոնյաները խոստացել են, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայում և չի կառուցի ռազմական ենթակառուցվածքներ կամ զորքեր տեղակայի ռուսական սահմանների մոտ:
«Նման ոչ մի հայտարարություն չի եղել, եթե նման խոստում տված լիներ ՆԱՏՕ-ն որպես այդպիսին, ապա դա պետք է լիներ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների պաշտոնական գրավոր որոշման տեսքով: Բացի այդ, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը օրակարգ է եկել Գերմանիայի վերամիավորումից հետո մի քանի տարիների ընթացքում: Այդ հարցը դեռ օրակարագում չկար, երբ, ինչպես հայտարարում է Ռուսաստանը, խոստումներ են տրվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է ռուսական կողմի այն պնդումներին, որ ՆԱՏՕ-ն խոստացել է Ռուսաստանի սահմանների մոտ չկառուցել ռազմական ենթակառուցվածքներ, ապա ՆԱՏՕ-ում այդ պնդումը նույնպես անհիմն են համարում:
«ՆԱՏՕ-ի Հիմնարար ակտում ասված է, որ անվտանգության ներկա պայմաններում Դաշինքը կիրականացնի իր հավաքական պաշտպանությունն ու այլ խնդիրները ներուժի անհրաժեշտ հզորացման ապահովման միջոցով, այլ ոչ թե զինված ուժերի լրացուցիչ մշտական տեղակայման ճանապարհով: Այդ առումով ներուժի հզորացումը կարող է տեղի ունենալ անհրաժեշտության դեպքում՝ ագրեսիայի սպառնալիքից պաշտպանվելու կամ խաղաղությունն ամրապնդելու դեպքում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ-ի սկզբունքների համաձայն»,- համոզված են ՆԱՏՕ-ում:
Փաստաթղթում նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել իր արևելյան հարևանների պաշտպանունակությունն ամրապնդելու համար, ինչը լիովին համապատասխանում է Հիմնարար ակտին և «Ռուսաստանի ապակայունացնող ռազմական գործողությունների ուղղակի հետևանք է»:
«Ռուսաստանը պետք է համապատասխան զսպվածություն ցուցաբերի Եվրոպայում իր սովորական զինված ուժերի տեղակայման հարցում: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան այդ պարտավորության բացահայտ խախտում է, ինչպես նաև Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի միակողմանի դադարեցում»,- նշված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը