Ս.Մինասյան. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում ընդգրկված կլինեն պրոֆեսիոնալներ
ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկազմի տեխնոկրատների, պրոֆեսիոնալների կառավարություն: Ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, Հովիկ Աբրահամյանը կազմակերպչական լավ ունակություններ ունի:
«Հովիկ Աբրահամյանի ամենակարևոր հատկանիշն այն է, որ ընդունելի է քաղաքական ավելի լայն շրջանակների կողմից: Լինելով Ազգային ժողովի նախագահ, երևաց, որ տարբեր ուժերի հետ գաղափարախոսական ու քաղաքական խնդիրներ ունենալով հանդերձ գործնական ու անձնական լավ հարաբերություններ ուներ: Հայաստանի նախագահի համար նպատակն այն չէր, նշանակել այնպիսի վարչապետ, ով հասարակության շրջանում լավ է ընկալվում, այլ այնպիսի վարչապետ, որ կարողանա աշխատել տարբեր քաղաքական ուժերի հետ, ավելի կոշտ քաղաքական միջոցներով իրագործել այն նպատակները, որոնք կանգնած էին նախկին կառավարության օրոք, միաժամանակ ընդլայնել երկրի նախագահի սեփական քաղաքական հենարանը»,- ասաց նա:
Ս. Մինասյանի խոսքով, այսօր Հայաստանը բավականին լուրջ խնդիրներ ունի տնտեսական ոլորտում՝ կապված միջազգային տնտեսական վիճակի, Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ:
«Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես է կարողանալու Հովիկ Աբրահամյանը լուծել ներդրումների խնդիրը: Համոզված չեմ, որ սոցիալ-տնտեսական իրավիճակում կունենանք արագ ու դրական զարգացումներ»,- ասաց նա:
Նաև հավելեց, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության շրջանում երկրի ներքաղաքական կյանքում այլ պատկեր է ակնկալում, ի տարբերություն արտաքինի:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ եք տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում, քաղաքագետն ասաց, որ հավանական է համարում ԱԺ փոխխոսնակ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովին:
Խոսելով նախկին կառավարության հրաժարականի մասին, քաղաքագետը մի քանի պատճառներ նշեց: Ըստ նրա, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունը ղեկավարել էր վեց տարի և հասարակությունը, քաղաքական շրջանակներն արդեն հոգնել էին, առավել ևս որ երկրում ոչ այնքան սոցիալ-տնտեսական բարենպաստ վիճակ էր ստեղծվել: Քաղաքագետը միաժամանակ նշեց, որ այդ վիճակն ընդհանուր միջազգային տնտեսական զարգացումների, քաղաքական մթնոլորտի արդյունք է, թեև այդ բացատրությունները քիչ էին հետաքրքրում հասարակությանը:
Ս. Մինասյանի դիտարկմամբ, Տիգրան Սարգսյանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում առաջ քաշած բարեփոխումների փորձերը ձախողվում էին, որոնք առաջ բերեցին քաղաքացիական ակտիվիստների լուրջ արձագանքին: