Ռուսաստանը կվերադառնա ԵԽԽՎ, երբ վերացվեն պատժամիջոցները
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները իրենց դժգոհությունն են հայտնել ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու հետ կապված: Այս մասին տեղեկացնում է «Russia Today»-ը:
«ԵԽԽՎ-ում պետք է հասկանան, որ միայն Ռուսաստանի լիակատար մասնակցության դեպքում կարող է այդ մարմինը իր ամբողջական գործունեությունը իրականացնել` որպես համաեվրոպական միջխորհրդարանական համագործակցության մարմին, որը առաջ է մղում հավասարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության գաղափարները: Ցանկացած ուրիշ տարբերակ հանգեցնելու է քաղաքական փակուղու»,- ասված է հայտարարության մեջ:
Ռուս խորհրդարանականները միաժամանակ անընդունելի են համարել Արևմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառումը ուկրաինական դեպքերի հետ կապված և դատապարտել են Ռուսաստանին միջազգային մեկուսացման մեջ դնելու փորձերը, որոնք դրսևորվում են Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների տեսքով:
Անդրադառնալով տարբեր երկրների կողմից Ռուսաստանին ուղղված քննադատություններին` ռուս պատգամավորները որպես հակափաստարկ հիշեցրել են Իրաքի օկուպացիայի, Սերբիայի ռմբակոծման ժամանակ նրանց որդեգրած պասիվ դիրքորոշումները ու դրանց արդյունքում գրանցված բազմաթիվ մարդկային զոհերն ու կորուստները:
«Վերջին տարիներին այդ երկրները բազմաթիվ անգամներ խախտել են միջազգային իրավունքը ` դրանից բխող բացասական հետևանքներով, հետևաբար բարոյական իրավունք չունեն Ռուսաստանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնելու»,-նշել են խորհրդարանականները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից և մինչև այս տարվա վերջ ԵԽԽՎ մարմիններում որոշումների ընդունման գործընթացում մասնակցությունից զրկելու մասին բանաձևի ընդունման շուրջ քննարկումները տեղի ունեցան ապրիլի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան