ՄԻԵԴ-ը ճանաչել է Իսպանիայի կողմից Արևմտյան Սահարայի 30 քաղաքացիների իրավունքների խախտման փաստը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ճանաչել է Իսպանիայի կողմից Արևմտյան Սահարայի 30 քաղաքացիների իրավունքների խախտման փաստը: Վերջինները Իսպանիայի իշխանություններից հայցել են հետապնդման դեմ միջազգային պաշտապանություն: «Իտար տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին ասված է նախօրեին հրապարակված դատավճռում:
Խոսքը Արևմտյան Սահարայի 30 քաղաքացիների Մարոկկո տեղափոխման հնարավորության մասին է: Հայցվորների խոսքերով, Մարոկկոյում նրանք կկանգնեն անմարդկային և դաժան վերաբերմունքի վտանգի առջև:
Աղբյուրի փոխանցմամբ` Արևմտյան Սահարայի 30 քաղաքացիները ձերբակալվել են բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Փախչելով` նրանք նավակներով հասել են իսպանական Կանարյան կղզիներ և հետապնդման դեմ միջազգային պաշտապանություն խնդրել, սակայն Իսպանիայի ներքին գործերի նախարարը մերժել է հայցը: Սահարայի բնակիչների դիմել են իսպանական դատարանի տարբեր ատյաններ, սակայն ապարդյուն:
Եվ ահա Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է նրանց հայցը և խորհուրդ տվել Իսպանիային ետ չուղարկել նրանց Արևմտյան Սահարա:
Նշենք, որ Արևմտյան Սահարայի հակամարտությունը հիմքում ընկած են Մարոկկոյի տարածքաին պահանջները: Նախկինում Արևմտյան Սահարան գտնվել է Մարոկկոյի սուլթանների իշխանության ներքո, սակայն հետագայում այս տարածքները անցել են Իսպանիային:
1975թ Արևմտյան Սահարայի նկատմամբ ունեցած պահանջներից Մադրիդի հրաժարվելուց հետո այնտեղ մուտք գործել Մարոկկոյի զորքերը:
Միևնույն ժամանակ, Արևմտյան Սահարայի ազատագրման ազգային ճակատն Ալժիրի աջակցությամբ զինված պայքար ծավալեց և 1976 թ հռչակեց Սահարայի Արաբական ժողովրդական Հանրապետության անկախությունը: Սակայն Մարոկկոն Արևմտյան Սահարան համարում է իր անքակտելի մասը և հնարավոր է համարում միայն նրան թագավորության կազմում լայն ինքնավարություն տրամադրելը:
Հակամարտության գոտում զինված գործողություններն ավարտվել են 1991 թվականին և դադարեցվել են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ն Արևմտյան Սահարա է ուղարկել իր խաղաղապահ առաքելությունը: