1919-20թթ-ին Թուրքիայի դատարանները ճանաչել են հայոց ցեղասպանությունը. Գ.Դանիելյան
1919-20թթ-ին Թուրքիայի դատարաններն ըստ էության ճանաչել են հայոց ցեղասպանությունը, այսինքն` բոլոր դատական ակտերում շատ հստակ ամրագրված է, որ իրենք դատապարտում են, էթնիկական շարժառիթներով զանգվածային բնաջնջումներ իրականացնելու համար դատավճիռներ են կայացվել կոնկրետ թուրք գործիչների նկատմամբ:
Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը` նշելով, որ այդ փաստաթղթերն այսօր իմի են բերվում:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությանը` նա նշեց.
«Էրդողանի վերջին հայտարարությունը հետապնդում է քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակ, որովհետև թվում է, թե նրանք շահագրգռված են փաստաթղթերն ուսումնասիրել, բայց եթե կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, ապա կարծում եմ ուղղակի տեղին չէ խոսել լրացուցիչ հաշտարար կամ տարաբնույթ այլ անուններով հանձնախմբեր ստեղծելու մասին»,- ասաց Գ.Դանիելյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե երբ հնարավոր կլինի օգտագործել այդ փաստաթղթերը, Գ.Դանիելյանը մատնանշեց, որ թուրքերը շատ հաճախ ասում են, թե արխիվային փաստաթղթերը պետք է ուսումնասիրվեն, բայց Թուրքիան ունենալով դատավճիռներ, որոնք նաև թարգմանված են հայերեն լեզվով, նաև պաշտոնապես հայտարարում է, որ այդ դատավճիռների հիմքում ընկած դատական գործերը չկան:
«Հետո հարց է առաջանում, թե արխիվային նյութեր ասելով իրենք ինչ են հասկանում: Ավելին` հայտարարում են, թե իբրև թե հայերը կարողացել են ինչ-ինչ եղանակներով հափշտակել այդ նյութերը: Այսինքն` ի սկզբանե գործընթացը փակուղի մտցնելով նրանք թելադրում են քաղաքական օրակարգ, բայց չեմ կարծում, թե դա հեռանկարային կլինի, որովհետև եթե մենք կարողանանք սեղմ ժամկետներում դատական ակտերը համակարգված ներկայացնենք միջազգային հանրությանը, ապա, համոզված եմ, շատ հարցեր ճշգրիտ ու սպառիչ պատասխաններ կստանան»,-հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան