Հայաստանում օսմանյան ջարդերից փրկված 44 մարդ է ապրում
Օսմանյան Թուրքիայում 1915-1922 թվականներին իրականացված ջարդերից փրկված 44 մարդ կա Հայաստանում: 2013 թվականի վիճակագրությունը ներկայացնելիս այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը:
Նա ասաց, որ հատուկ վիճակագրություն ջարդերի ականատեսների վերաբերյալ Հայաստանում չեն վարում. նրանք Ցեղասպանությունը վերապրածների վիճակագրությունն ստանում են ընդհանուր թոշակառուների թվի հետ միասին Կենսաթոշակային հիմնադրամից:
Ըստ այդմ, կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակից Հայոց ցեղասպանությունը վերապրած 44 մարդ կա, որից 34-ը կին են, 10-ը` տղամարդ:
Օրինակ, ըստ նույն վիճակագրության, 2011-ի հուլիսի 1-ի դրությամբ Ցեղասպանությունը վերապրած 123 մարդ է ողջ եղել, որոնցից 96-ը կին են եղել, իսկ 30-ը՝ տղամարդ։ 2010-ին նրանց թիվը համեմատաբար շատ է եղել. հուլիսի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմում էր 156, որոնցից 121-ը` կանայք, իսկ 35-ը` տղամարդ է եղել։
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան