Նման ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետ. Տ.Մուկուչյան
Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից մանրակրկիտ պլանավորված և պետականորեն իրագործված ոճիր է: Այս օրն ունի շատ մեծ խորհուրդ, քանի որ ամենից զատ նաև իր մեջ ներառում է հայի ապրելու, մաքառելու հաստատակամությունը, որովհետև հենց այդ հաստատակամությունն էր պատճառը, որ ունեցանք Սարդարապատ, Արցախ և ունեցանք անկախ Հայաստան: Այս մասին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Վերջինիս խոսքով, ցանկացած նման ոճրագործություն պետք է դատապարտվի ըստ արժանվույն, որովհետև դա առաջին հերթին ունի կանխարգելիչ նշանակություն, քանզի նրա ճանաչումը և դատապարտումը կկանխարգելի երբևէ նման ոճրագործությունների կրկնությունը:
Իրավական առումով, շեշտեց նա, նման ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետ. եթե կա հասցված վնաս` և նյութական, և մարդկային, ապա այն փոխհատուցում է ենթադրում` և բարոյական, և նյութական:
Տ.Մուկուչյանը նաև իր երախտիքի խոսքն ուղղեց աշխարհի բոլոր այն պետություններին ու ժողովուրդներին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը. «Հույս ունեմ, որ առաջիկայում նաև մյուս պետությունները կանդրադառնան խնդրին, առավել ևս, որ մեկ տարի անց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է»: