Բուենոս Այրեսում կառուցվելու է Հայոց ցեղասպանության թանգարան
Բուենոս Այրեսում շարունակվում է գրքի 40-րդ Միջազգային ցուցահանդեսը: 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, և մայիսի 1-ին ավանդաբար նշվել է Հայաստանի Հանրապետության օրը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացել է օրվա կենտրոնական միջոցառումը, որին ներկա են եղել ավելի քան 1600 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես է եկել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը: Ելույթներ են ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի՝ Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերով փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը և թուրք մտավորական և ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագիփ Զարաքոլուն:
Իր ելույթում դեսպան Մելիքյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն 40 տարի շարունակ Բուենոս Այրեսում անցկացվող Գրքի միջազգային ցուցահանդեսը վերածվում է յուրօրինակ ու գեղեցիկ մի տոնի, որը ոչ միայն հնարավորություն է տալիս տարբեր ազգերի ներկայացուցիչներին ծանոթանալու համաշխարհային գրականությանը, այլ նաև իր մեջ կրում է մարդկանց գրքին մոտեցնելու, գրքի նկատմամբ սեր արթնացնելու, միջմշակութային երկխոսություն ծավալելու, փոխըմբռնում և հանդուրժողականություն խրախուսելու խորհուրդը»։
Փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխն իր ելույթում անդրադարձել է հայ – արգենտինյան քաղաքական և մշակութային հարաբերություններին, Արգենտինայում հայ համայնքի դերին ու նշանակությանը՝ կարևորելով համայնքի արժեքավոր ներդրումը երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդրին, ինչպես նաև այդ ուղղությամբ Արգենտինայի իշխանությունների հետևողական քայլերին` Կլաուդիա Ավրուխը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների որոշմամբ մայրաքաղաքի «Պալերմո» թաղամասում անվճար տարածք կհատկացվի Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար:
Թուրք լրագրող, մտավորական Ռագիփ Զարաքոլուն, իր ելույթում դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումը, ինչպես նաև Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից վարվող ժխտողական քաղաքականությունը, անդրադարձել է Ցեղասպանության նահատակ հայ մտավորականների՝ Ռուբեն Սևակի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի և այլոց դաժան սպանություններին: Ներկաներին նա տեղեկացրել է նաև, որ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպի թուրքերեն թարգմանությունն ու հրատարակությունը կատարվել է իր կողմից, որի համար նա թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման: