Վլադիմիր Պուտինը գաղտնի հրամանագրով պարգևատրել է շուրջ 300 լրագրողի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ղրիմի Հանրապետությունում իրադարձությունների լուսաբանման հարցում բարձր արհեստավարժության ու օբյեկտիվության համար» շուրջ երեք հարյուր ռուս լրագրողի պետական պարգևներ ու շքանշաններ շնորհելու մասին: «Վեդոմոստի» պարբերականի տեղեկացմամբ, հրամանագիրը ստորագրվել է ապրիլի 22-ին, սակայն այն մինչ օրս գաղտնի է պահվում և չի հրապարակվել նախագահի մամուլի ծառայության կողմից:
Պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, թե ցուցակում առկա 300 անձանցից շուրջ 90-ը թղթակիցներ են: 100 լրագրող ներկայացնում է «ВГТРК» հեռուստաընկերությունը, 60-ը՝ «Առաջին ալիքը», մի քանի տասնյակ լրագրողներ «НТВ», «Russia Тoday» հեռուստաընկերություններից և «Life News հոլդինգից: Թերթը նշում է, թե պարգևատրումների ծավալն աննախադեպ է, հաշվի առնելով, որ 2008 թ-ին Հարավային Օսիայի դեպքերից հետո ՌԴ այնժամ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարգևատրել էր ընդամենը 11 լրագրողի:
Հաղորդագրության համաձայն, Կրեմլի կողմից առավել բարձր է գնահատվել «НТВ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովի գործունեությունը, ում պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II կարգի շքանշանով: Պարգևատրվածների շարքում են «ВГТРК» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անտոն Զլատոպոլսկին, «Russia Тoday» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը, «Life News» հոլդինգի գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը, «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովը, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ու այլոք: