Քաղտեխնոլոգ. Հասարակության մեջ յուրաքանչյուր փոփոխություն նոր հույս է արթնացնում
Նոր ձևավորված կառավարությունն ավելի պրագմանտիկ է, ավելի մոտ դառը իրականությանը: Ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նաև նշեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործող համակարգի համար ամենաներդաշնակ թեկնածուն էր:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ սպորտի և երիտասարդության նախարարությունը կրկին ԲՀԿ-ին վերադարձվեց, քաղտեխնոլոգն ասաց, որ դա փաթեթի մի մասն է. «Գալուստ Սահակյանին դեմ չքվեարկելը, իսկ առաջիկայում կառավարության ծրագրի քվեարկությունն է լինելու: Այն, թե ինչ եղավ Գալուստ Սահակյանի ընտրության ժամանակ, դրանից ելնելով ենթադրում եմ, որ չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության ծրագրին էլ կողմ քվեարկի»:
Ըստ նրա, կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն կփորձի քառյակի մյուս ուժերի հետ համատեղ, ընդհանուր հանդես գալ, որպեսզի ԱԺ նախագահի քվեարկության նման միայն իրենք կողմ հանդես չգան:
Կ. Քոչարյանի խոսքով, կառավարության ծրագրին կողմ քվեարկելուց հետո ԲՀԿ-ն կարող է տարբեր արդարացումներով հանդես գալ՝ կառավարության նոր ծրագրում ներառված են ԲՀԿ-ի ծրագրային դրույթների մեծ մասը, կամ՝ քայլեր արդեն արվում են, աշխատանքը երևում է:
Խոսելով ֆիննախ-ՊԵԿ միավորման մասին, Կ. Քոչարյանն ասաց, որ աշխարհում ընդունված է, որ ծախսող և հավաքող մարմինները պետք է մեկ կառույցում լինեն, և հենց արևմտյան ֆինանսական ստրուկտուրաները տարիների շարունակ լոբբինգ են արել, որ այդ կառույցները միանան:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, հասարակության մեջ յուրաքանչյուր փոփոխություն նոր հույս է արթնացնում: