«Abitare» պարբերականը` «Իղձերի մայրաքաղաք» հայկական նախագծի մասին
Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում Հայաստանի ազգային տաղավարը ներկայանում է «Իղձերի մայրաքաղաք» խորագիրը կրող նախագծով: Այս մասին գրում է «Abitare» պարբերականը:
«Հայաստանի 19-րդ և 20-րդ դարի պամությունները սերտորեն փոխկապակցված են ծրագրի գաղափարի հետ: Էսթետիկ, սոցիալական և քաղաքական իղձերը այսօր դեռևս ձևավորում են Հայաստանի մայրաքաղաք Երևանի դեմքը: Ցուցահանդեսը կներկայացնի տարբեր նախագծեր, որոնք մշակվել են հայ ճարտարապետների տարբեր սերունդների կողմից՝ Գրիգոր Աղաբաբյան, Արսեն Ահարոնյան, Ռազմիկ Ալավերդյան, Սաշուր Քալաշյան, Գևորգ Քոչար, Ստեփան Քյուրքչյան, Հովհաննես Մարգարյան, Միքայել Մազմանյան, Ժաննա Մեշչերյակովա, Մկրտիչ Մինասյան, Գուրգեն Մուշեղյան, Ալեքսանդր Թամանյան, Արթուր Թարխանյան, Ջիմ Թորոսյան, Արմեն Զարյանը և ուրիշներ»,-գրում է պարբերականը:
Վենետիկի միջազգային ճարտարապետական 14-րդ բիենալեն, որն այս տարի կբացվի հունիսի 7-ին, անցկացվում է «Հիմքեր» խորագրի ներքո և նվիրվում է ճարտարապետության 1914-2014 թթ. համաշխարհային պատմության և քաղաքաշինության ուսումնասիրությանը: Բիենալեին մասնակցում են 66 ազգային տաղավարներ:
Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 23-ը: Իսկ Հայաստանի` «Իղձերի մայրաքաղաք» ազգային տաղավարը տեղակայված կլինի Վենետիկի Զենոբիո պալատում: