Չգիտենք, որտեղ արտադրված բանջարեղենն ենք ուտում
Քաղաքացիական հասարակությունը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ենթադրենք՝ ցանկանում է բոյկոտել թուրքական բանջարեղենը՝ դրա փոխարեն գնելով տեղականը, միաժամանակ նպաստելով Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանն ու գյուղացու բարօրությանը: Կամ ասենք մի հետաքրքիր աղցանի բաղադրատոմս ենք գտել, ու աղցան պատրաստելու համար պետք է աֆրիկյան կաղամբ: Հայաստանյան շուկայում հաստատ կա, բայց գտնել երևի չհաջողվի:
Պարզվում է, որ մեծ ցանկության դեպքում չես կարող հստակ իմանալ շուկայում վաճառվող սննդամթերքի արտադրման վայրը:
«Իրազեկ սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը սա լուրջ խնդիր է համարում, ընդգծում, որ հարցը օրենսդրությամբ կարգավորված չէ, ավելին, կառավարությունը հավանության է արժանացրել սննդամթերքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով հարցը մնում է առանց լուծման: Նոր օրենքի նախագծում չի էլ նշվում, որ խնդիրը կարող է կարգավորվել կառավարության որոշումներով կամ իրավական այլ ակտերով:
«Նոր օրենքով խնդիրը չի կարգավորվում: Պետք է ներդրվի որակի կառավարման համակարգ, որը ապահովում է հետագծելիության սկզբունքը, այսինքն իրացման վայրում պարտադիր լինում է, թե որտեղ է աճեցված տվյալ գյուղատնտեսական մթերքը: Անգամ Հայաստանի պայմաններում, պետք է հստակեցվի, թե որ դաշտավայրից է այն եկել, էլ չեմ խոսում դրսից ներկրվածի մասին»,-ասաց Բ. Պիպոյանը:
Նրա համոզմամբ, ճիշտ քաղաքականության պարագայում տեղական մթերքը մրցունակ կդառնա ներկրվածի համար:
«Եթե նման համակարգ ներդրվի ու սահմանային խիստ հսկողություն սահմանվի, այս դեպքում ներկրվածի ինքնարժեքը կթանկանա, պետբյուջեի գումարներով կարելի է սուբսիդավորել տեղական արտադրանքը, ինչի շնորհիվ տեղականի ինքնարժեքը կնվազի: Այս պարագայում ներկրվածի ու տեղականի գները կմոտենան իրար, իսկ մի քանի տարի անց սուբսիդիան պետք չէ»,-ասաց Պիպոյանը:
Նա նաև բացատրեց, որ եթե այդ ընթացքում գյուղացին չի կարողացել զարգացնել տնտեսությունն ու դառնալ մրցունակ, ապա տնտեսության այդ ուղղության համար կլիմայական պայմանները հարմար չեն, պետք է ներդրում անել այլ ուղղություն զարգացնելու համար:
«Մեր երկիրը Մոզամբիկն է, ասում ենք՝ մրցունակ չենք ու տասը տարի դա ենք փաստում, բայց ի՞նչ ենք անում, որ դառնանք մրցունակ»,-նկատեց ՀԿ նախագահը:
Պիպոյանը նշեց, որ տեքստիլի պարագայում իրավիճակն այլ է, եվրոպական հագուստը թուրքականի համեմատ թանկ է, բացի այդ թուրքական տեքստիլն արագորեն նոր շուկաներ է գրավում. «Բայց պարենային ապրանքների մասով Թուրքիան մրցունակ չէ, և այնպես չէ, որ մենք չենք կարող մրցունակություն ապահովել: Ի վերջո տարիներ շարունակ մենք Թուրքիայից սննդամթերք չենք բերել»:
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող Պիպոյանը վստահ է, որ եթե այս պահին շուկայում առկա բանջարեղենի անվտանգության ցուցանիշները ստուգելու համար կամայական մոնիտորինգ արվի, ապա կպարզվի, որ այդ ցուցանիշները սահմանվածից շեղում ունեն և պետք էր երկիր չթողնել:
Պիպոյանը իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում է փաստին, որ թուրքական գյուղատնտեսական ապրանքները գենետիկորեն մոդիֆիկացված են, ինչի մասին հայտարարություններ արել են տարբեր երկրներ. «Մեր երկիր ներկրվող թուրքական գյուղմթերքը ենթարկվե՞լ է փորձաքննության, ես պնդում եմ՝ ոչ»:
Նախորդող հրապարակում`
Սահմանային հսկողություն. «Կարծում եմ հաղորդագրության հեղինակն էլ է վստահ, որ կամք չկա»