Իրանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը Կասպից ծովի անվտանգության վերաբերյալ եռակողմ հուշագիր են ստորագրել
«Իրանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը Կասպից ծովի անվտանգության վերաբերյալ եռակողմ հուշագիր են ստորագրել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի Մազանդարան նահանգի Ռամսար քաղաքում Կասպից ծովի իրավական կարգավիճակին նվիրված համաժողովում Իրանի ԱԳ փոխնախարար Էբրահիմ Փուրը Ռուսաստանի և Թուրքմենստանի իր գործընկերների հետ միասին Կասպից ծովի անվտանգության վերաբերյալ եռակողմ հուշագիր է ստորագրել:
Ռուսաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Միջին Ասիայի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը վերոնշյալ համաժողովում ունեցած ելույթում նշել է, որ միայն տարածաշրջանի երկրները կարող են ապահովել Կասպից ծովի անվտանգությունը և միայն մերձկասպյան երկրների զինված ուժերը կարող են ներկայություն ունենալ այդ տարածաշրջանում:
Նշենք, որ 1921թ. Իրանի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված պայմանագրերի համաձայն ՝ Խորհրդային կառավարությունը անվարձահատույց ձևով Իրանին փոխանցեց Կասպից ծովում գտնվող Աշուրադե և այլ կղզիները, ինչպես նաև ճանաչեց Կասպից ծովում սեփական դրոշով նավատորմ պահելու և ազատ նավարկելու Իրանի իրավունքը: Վերջին տարիներին իրավական կարգավիճակի հարցում Ռուսաստանը Ղազախստանի և Ադրբեջանի հետ կարծես թե համաձայնության եկավ, սակայն Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը դեռևս որոշակի տարաձայնություններ ունեն: Իրանը գտնում է, որ ծովը պետք է բաժանվի հինգ հավասար մասի, և բացառում է որևէ այլ տարբերակի քննարկում:
Նախորդ տարի Իրանը հայտարարեց, որ Կասպից ծովում գազի և նավթի նոր հանքավայրեր է հայտնաբերել, որի նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է, իսկ գազի հանքավայրից Թեհրանը նախատեսում է ավելի քան 50 հազար միլիարդ խորանարդ ֆուտ գազ արդյունահանել:
Բացի իրավական հարցից, Թեհրանն ու Բաքուն լուրջ տարաձայնություն ունեն Կասպից ծովում գտնվող նավթային հանքերի պատկանելիության առնչությամբ: Բանն այն է, որ Ադրբեջանը, շահարկելով ծովի իրավական կարգավիճակի դեռևս լուծված չլինելու հանգամանքը, պնդում է, թե Իրանի կողմից հայտնաբերված և շահագործման փուլում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքը ոչ թե պատկանում է Իրանին, այլ այն գտնվում է Ադրբեջանին և Թուրքմենստանին հարող ընդհանուր ջրերի տիրույթում:
Ի պատասխան Բաքվի հավակնությունների՝ Կասպից ծովում իր դիրքերն ամրապնդելու նպատակով Իրանը 2013թ. մարտին Կասպից ծովի ջրեր իջեցրեց տեղական արտադրության «Ջոմարան 2» ռազմանավը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան