Գյուղական զբոսաշրջության պոտենցիալը զարգացնելու փորձեր Հայաստանում
«Հեյֆեր Հայաստանը» Եվրոպական միության աջակցությամբ կհյուրընկալի զբոսաշրջության ոլորտի ծառայություններ մատուցողների տարածաշրջանային խումբ՝ Վրաստանից, Թուրքիայից և Բուլղարիայից, ԵՄ կողից ֆինանսավորվող Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում ծրագրի շրջանակներում:
Զբոսաշրջության ոլորտի ծառայություններ մատուցողների տարածաշրջանային խումբը փոխայցելությամբ կժամանի Հայաստան՝ բացահայտելու Հայաստանի գեղեցկությունը, գյուղական զբոսաշրջությունը զարգացնելու պոտենցիալը, ինչպես նաև սովորելու Հայաստանի գյուղական զբոսաշրջության առանձնահատկությունները տեղական զբոսաշրջության ոլորտի ծառայություններ մատուցողներից և զբոսաշրջային գործակալություններից, որոնք այցելուներին կփոխանցեն իրենց փորձն ու հմտությունները:
Փոխայցելությունը կսկսվի 2014թ. հունիսի 17-ին և կավարտվի հունիսի 20-ին: Տարածաշրջանային խումբը կայցելի զբոսաշրջային այնպիսի վայրեր, ինչպիսիք են՝ Խոր Վիրապը, Աղավնաձորը, Տաթևը, Որոտանը, Ուխտասարը, Ջերմուկը, Սևանա լիճը և այլն: Այս մասին հայտնում է «Հեյֆեր Հայաստան» հանրային կապերի ծառայությունը:
«Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրն ուղղված է` միասնական ռեսուրսների հիման վրա սևծովյան ավազանի չորս երկրների (Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա)՝ տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով տարածաշրջանային համագործակցության և անդրսահմանային գործընկերության զարգացմանը՝ գյուղական զբոսաշրջության ցանցերի ստեղծման միջոցով՝ միասնական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները և ավանդական պրոդուկտները խթանելու համար:
Ծրագրի շրջանակներում կստեղծվեն ուսուցում ստացած և հմտություններ ունեցող՝ գյուղական զբոսաշրջության ոլորտում տեղական ծառայություններ մատուցողների և տուրիստական գործակալությունների ցանցեր, որոնք կմշակեն և կվաճառեն եզակի զբոսաշրջային պրոդուկտ՝ «Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ» («ՏԱՄ» փաթեթ): Այն կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան և իր ներդրումը կունենա ներերկրային և ներտարածաշրջանային պետական իշխանավորների միջև աննախադեպ համագործակցության հաստատման հարցում: Ծրագրի շրջանակներում այս պրոդուկտի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատև արդյունքների ձեռք բերումը:
«Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ 472,923.43 եվրո գումարի չափով Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի միջոցով: Ծրագիրը սկսվել է 2013թ. նոյեմբերին և կտևի 18 ամիս:
Ծրագիրը իրականացվում է «Հեյֆեր Հայաստանի» կողմից՝ որպես առաջատար գործընկեր, Վրաստանից, Թուրքիայից և Բուլղարիայից երեք գործընկերների համագործակցությամբ:
Նախորդող հրապարակում`
Մեկնարկել է «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը