Ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2026թ-ը
Ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ և, հավանաբար, 2017թ-ին կիրականցվեն կապիտալ վերանորոգման աշխատանքներ` ուղղված Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` հավելելով, որ ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարացնել մինչև 2026թ-ը:
«Մինչև 2026թ-ը մենք պետք է կարողանանք ապահովել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով` նախնական հաշվարկներով ատոմակայանի կապիտալ նորոգումը կարժենա շուրջ 300 մլն դոլար և կտևի վեց ամիս, սակայն ավելի կոնկրետ ժամկետները կճշտվեն և աշխատանքներում որոշակի փոփոխություններ կմտնեն ատոմակայանի կանգնեցնելուց և ռեակտորը բացելուց հետո:
«Ինչ խոսք, ատոմակայանի վերանորոգումը որոշակի ազդեցություն կարող է ունենալ, սակայն կառավարությունը ծրագիր ունի: Մասնավորապես, նախատեսում է առաջիկա 3-4 տարիների ընթացքում կառուցել Երևանի ՋԷԿ-ի երկրորդ բլոկը, որը ավելի հարմար սակագներ է նախատեսում և մեզ ձեռնտու տարբերակ է»,- ընդգծեց Ե.Զախարյանը:
Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, նախարարն ասաց, որ ատոմակայանի ֆինանսավորման շուրջ ներկայումս բանակցություններ են ընթանում թե Ռուսաստանի, թե այլ երկրների հետ:
Ըստ Ե.Զախարյանի` պետք է նպատակաուղղված աշխատեն, որպեսզի նոր ատոմակայանի աշխատանքները սկսեն գոնե 2018-19թթ-ին. «Դա ուղղակի անխուսափելի և անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, ինչպես նաև համագործակցության և ինտեգրացման պրոցեսներին մասնակցելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան