ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը համաժամանակյա զորավարժություններ են անցկացնում Սև ծովում
Սև ծովում մեկնարկել են ադմիրալ Ալեքսանդր Վիտկոյի հրամանատարությամբ Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի զորավարժությունները: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Զորավարժությունների ծրագրով նախատեսված է ծովում պայմանական հակառակորդի նավերի ոչնչացման, նավային խմբերի և ափային ենթակառուցվածքների օբյեկտների հակաօդային պաշտպանության կազմակերպման մի շարք ուսումնամարտական առաջադրանքների իրականացում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, թե զորավարժությունների ժամանակ մշակվելու են պայմանական հակառակորդի ստորջրյա նավերի որոնողական, հայտնաբերման և ոչնչացման գործողություններ: Ծովային ավիացիայի ինքնաթիռների կողմից իրականացվելու է օդային հետախուզություն և հարվածներ են հասցվելու պայմանական հակառակորդի ուղղությամբ:
Ռազմածովային զորավարժություններին մասնակցելու է շուրջ 200 մարտական նավ և օժանդակ միջոցներ, ավելի քան 20 ինքնաթիռ ու ուղղաթիռ, ծովային հետևակայինների ջոկատներ ու հրթիռահրետանային զորամիավորումներ:
Հիշեցնենք, նախօրեին հաղորդվել էր, որ հուլիսի 4-ից 13-ը Սև ծովում ընթանալու են են «Բրիզ 2014» անվամբ միջազգային ռազմածովային զորավարժութուններ, որին ներգրավված են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամ Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրիքայի և Միացյալ Նահագների ռազմածովային ուժերին պատկանող միջոցներ: Ռազմական փորձագետ Իգոտ Կորոտչենկոն գործակալության հետ զրույցում համաժամանակյա զորավարժությունների անցկացման փաստը, ինչպես նաև Սև ծովում ՆԱՏՕ-ի ակտիվությունը բնորոշել է Ռուսաստանին ուղղված «ռազմական շանտաժ»: