ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի հրաժարականը հանրահավաքում չի պահանջի
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ OԵԿ-ը քառյակին առաջարկելու է 12 կետերը դարձնել ավելի ինստիտուցիոնալ: Նրա խոսքով` ՕԵԿ-ը գրեթե բոլոր այդ խնդիրների վերաբերյալ ունի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք դրված են շրջանառության մեջ:
«Քառյակը խոսում է սակագների բարձրացման անթույլատրելիության մասին, իսկ ՕԵԿ-ը այդ խնդրով դիմել է դատարան»,- օրինակ բերեց նա:
Ինչ վերաբերում է հուլիսի 18-ին սպասվող ՕԵԿ հանրահավաքին և հարցին` արդյո՞ք ՕԵԿ-ը կպահանջի իշխանափոխություն, Ա.Բաղդասարյանը նախ նշեց, որ հանրահավաքը ունենալու է սոցիալական ուղղվածություն, թեև հասկանալի է, որ քաղաքական հարցեր ևս կբարձրացվեն: Իսկ այնուհետ հիշեցրեց, որ դեռ երեք ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասով հայտնել է իր դիրքորոշումը. «Սերժ Սարգսյանը ինքն է հայտարարել ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին, նաև հայտարարել է, որ չի հավակնում լինել ՀՀ վարչապետ և ընդամենը երկուսուկես տարի հետո մեկնարկելու են խորհրդարանական և նախագահական ընտրությունները»:
Արթուր Բաղդասարյանը չբացառեց, որ հնարավոր է լինեն նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «քանի որ ԱԺ-ում բարդ իրավիճակ է ձևավորվել, երբ ամեն ինչ մեկ կուսակցության ձեռքում է, իսկ սա վաղ թե ուշ բերելու է ներքին քաղաքական զարգացումների սրացման»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու չբացառելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բացառում է արտահերթ նախագահական ընտրությունները, Ա.Բաղդասարյանն ասաց, որ նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետն արդեն մոտենում է ավարտին, բացի այդ արտահերթ նախագահական ընտրությունները նշանակում են շատ ավելի լուրջ ցնցումներ, ինչը հանրությանը պետք չէ, քանի որ հանրությունը հոգնել է այս իրավիճակից:
Իսկ կմասնակցի արդյո՞ք հաջորդ նախագահական ընտրություններին Ա.Բաղդասարյանը, հարցին էլ նույն պատասխանը տվեց, ինչ դեռ երեք ամիս առաջ. «Ես չեմ բացառում նման հավանականությունը»:
Ա.Բաղդասարյանը նշեց նաև, որ կուսակցության դիրքորոշումն այն է, որ այսօր հաստատ Սահմանադրական փոփոխությունները չեն այն գլխավոր խնդիրը, որ կանգնած է հանրության առջև:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը