Ս.Ֆարմանյան. Եվրամիությունը մնում է ՀՀ կարևորագույն գործընկերներից մեկը
ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի նախաձեռնությամբ այսօր Ազգային Ժողովում տեղի է ունեցել «Եվրոպական խորհրդարանի և ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների միջև համագործակցության մասին» թեմայով աշխատանքային քննարկում:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բացման խոսքում ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Եվրամիությունը մնում է ՀՀ կարևորագույն գործընկերներից մեկը և Հայաստանը շահագրգռված է շարունակելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ հետ նաև խորհրդարանական ձևաչափով: Ըստ պատգամավորի՝ նման քննարկումները նպաստում են ավելի լավ հասկանալու միմյանց դիրքորոշումները, կատարելու եզրակացություններ, որոնք կարող են օգտակար լինել խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա աշխատանքների համար:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հարցերի խորհրդատու Կայա Կրավչուկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Դիդենկոն և Եվրոպական Խորհրդարանի գլխավոր քարտուղարության Արտաքին քաղաքականության գծով տնօրինության Ընդլայնման և եվրոպական տնտեսական գոտու բաժնի ղեկավար Թոմաս Գրուները: Նշվել է, որ ներկայումս ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի միջև հարաբերությունները հիմնականում սահմանափակվում են խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կազմակերպվող հանդիպումներով: Ուստի նշվել է, որ քննարկման նպատակն է զարգացնել Աժ-ի կարողությունները՝ բարձրացնելով իրազեկվածությունը ԵԽ գործելակերպի, մեխանիզմների և աշխատանքային մեթոդների վերաբերյալ:
Մասնակիցները քննարկեցին տարբեր մակարդակներում Եվրախորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ առկա աշխատանքային հարաբերությունները խորացնելու հնարավորությունները: