Այաթոլլահ. Իսրայելը մեղք չունի, մեղավորը երկերեսանի Ադրբեջանն ու Թուրքիան են
«Ադրբեջանն ու Թուրքիան Իսրայելին գաղտնի աջակցում են»,-այդ մասին, իրանական «Ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ, հայտարարել է Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը, անդրադառնալով այս օրերին Գազայի հատվածում ծավալվող իսրայելապաղեստինյան հակամարտությանը, մասնավորապես նշել է. «Պաղեստինյան աղետի հարցում իսլամին պատճառած ցավի հիմնական մեղավորն Իսրայելը չէ, այլ այն իսլամական երկրներն են, որոնք երկերեսանի քաղաքականություն են վարում և Իսրայելին գաղտնի աջակցում»:
Շարունակելով իր քննադատական խոսքը՝ Սեյյեդ Հասան Ամելին հավելել է. «Թուրքիան Իսրայելի ռազմական դաշնակիցն է. Իսրայելին ապահովում է ջրով և վերջինիս է տրամադրել Ինջերլիքի ռազմակայանը, իսկ ահա իսրայելական տանկերին վառելիքով ապահովում է Ադրբեջանի Հանրապետությունը, ավելին, Իսրայելի էներգետիկ պահանջարկի 40 տոկոսն է ապահովվում Բաքվի կողմից»:
Թեմային առնչվող՝
Ալի Խամենեիի ներկայացուցիչ. Իրանցի գիտնականներին սպանած ահաբեկիչները Բաքվում հանդիպել են իսրայելցի լրտեսներին
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը՝ Թուրքիայի իշխանություններին. «Մեր ողջ ազգը ձեզանից զզվում է»