Վավերագրական ֆիլմ` ՀՀ սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ագրեսիայի մասին
Այս հուլիսին լույս է տեսել նոր վավերագրական ֆիլմ` «Հայաստան` հին վտանգված ազգ» վերնագրով,- տեղեկացնում է «Ասպարեզ» թերթը:
Ֆիլմը բարձրաձայնում է այն վտանգի մասին, որը սպառնում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում` Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերում բնակվող հայերին: Խոսքը գնում է Տավուշի մարզի Շամշադին շրջանի մասին (Բերդ կենտրոնով), որ գտնվում է Երևանից չորս ժամվա հեռավորության վրա և որը վերջերս ադրբեջանական ագրեսիայի թիրախ է դարձել:
Ֆիլմի հեղինակը` սփյուռքահայ Եվա Մեձորյանը, ֆիլմում ներկայացնում է Հայաստանում ներկայիս իրավիճակը և համառոտ պատմությունը, թե ինչպես է Հայաստանը մշտապես եղել հալածանքների թիրախ իր հարևանների կողմից:
Այժմ Հայաստանը կրկին վտանգի տակ է, այս անգամ հարևան ռազմատենչ Ադրբեջանի կողմից, ում աջակցում է Թուրքիան: Ցավոք` քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը շատ քիչ բան գիտի Հայաստանի մասին, իսկ տարածվող լուրերն էլ հաճախ խեղաթյուրված են ներկայացվում,- ասվում է հոդվածում:
Ֆիլմը ցույց է տալիս Շամշադինի շրջանի գյուղերում նկարահանված վավերագրական կադրեր` բնակավայրեր, եկեղեցիներ և դպրոցներ, որոնք ենթարկվել են կրակահերթի Ադրբեջանի կողմից, ինչպես նաև ներկայացնում է հարցազրույցներ ադրբեջանական ագրեսիայից տուժած գյուղացիների հետ:
«Վերջին չորս տարիների ընթացքում ես այցելել եմ Հայաստան 60 անգամ… այցելել եմ սահմանամերձ գյուղերը և տեսել եմ այն դժվարություններն ու վտանգները, որ սպառնում են մարդկանց հատկապես թշնամական ադրբեջանական սահմանի մոտ: Ես զգացի, որ ժամանակն է պատմել այդ մասին և ցույց տալ իրականությունը», - ասում է Եվա Մեձորյանը: