Վարչապետը հանձնարարեց ՄԱԿ-ի հաջորդ տարվա զեկույցում ճշգրտված տեղեկություններ զետեղել
ՀՀ կառավարության այսօրվա նիտում, մինչ օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ ՄԱԿ-ի մարդկային զարգացման համաթվի վերաբերյալ 2014 թվականի զեկույցին: Վարչապետի խոսքերով, համաթիվը Հայաստանի համար թեև ունի ոչ էական բարելավում, այնուամենայնիվ շարունակում է մնալ նախորդ տարի արձանագրած դիրքում` 87-րդ տեղում:
Այս հարցում, ըստ վարչապետի, էական բարելավում թերևս պետք է սպասել կրթության համակարգից, մասնավորապես, զեկույցում նշվում է, որ եթե կրթության սպասվելիք տևողությունը 12.3 է, փաստացի միջինը 10.8 է:
«Կառավարության ծրագրում մենք ամրագրել ենք պետության կողմից տասներկու տարվա պարտադիր կրթության ֆինանսավորում, և այս տարվանից արդեն այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն»,- ընդգծեց վարչապետը:
Հ. Աբրահամյանը հանձնարարեց կրթության նախարարությանը ուշի ուշով հետևել այս զարգացումներին և աշխատանքներ տանել` ՄԱԿ-ի հաջորդ տարվա զեկույցում ճշգրտված տեղեկություններ զետեղելու համար:
«Գոյություն ունի այս համաթվի մեկ կարևոր ասպեկտ ևս, որին կարևոր է, որ մանրամասն անդրադառնա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Եթե մարդկային զարգացման համաթիվը ճշգրտում ենք անհավասարության գործակցով, ապա Հայաստանի դիրքը բարելավում է տասնհինգ կետով և մենք առաջ ենք անցնում հարևան Վրաստանից, Թուրքիայից և Իրանից»,- ասաց Հ. Աբրահամյանը: