Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանի բանակում ռազմական գիտելիքների լուրջ պակաս է նկատվում
Երևանը հողին հավասարեցնելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունն էլ ավելի ծիծաղելի իրավիճակում է դնում ինքն իրեն: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ադրբեջանական քարոզչամեքենայի այն թեզը, թե Մինգեչաուրի ջրամբարի պայթեցման դեպքում կջրասուզվի նաև Արցախի մեծ մասը, թերևս պակաս ծիծաղելի է, քան այսօր հնչեցված սպառնալիքը: Որովհետև, ինչպես ջրերը չեն կարող դաշտավայրից լեռներ հոսել, նույնպես էլ ադրբեջանցիները չունեն իրենց սպառնալիքներն իրականացնելու ռազմական պոտենցիալ», - վստահ է քաղաքագետը:
Նշենք, որ ՀՀ Կառավարության նիստում երեկ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասել է, թե Ադրբեջանի ԱԻՆ ստորաբաժանումներին ցանկանում են մոբիլիզացնել սահմանին զինվորական ծառայության անցնելու համար: Երիցյանին ի պատասխան' ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն նշել է, որ Ադրբեջանը զգուշանում է Մինգեչաուրի ջրամբարի ուղղությամբ հայկական կողմի գործողություններից:
Սեյրան Օհանյանի այդ խոսքերին ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր Հայաստանին ուղղված սպառնալիքներով լի հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ադրբեջանական հրթիռներն ուղղված են Հայաստանի և Արցախի ռազմական օբյեկտների վրա և ցանկացած պահ կարող են հողին հավասարեցնել նաև Երևանը:
Քաղաքագետը մեզ հետ զրույցում նշեց, որ իրականում Սեյրան Օհանյանը ջրամբարը պայթեցնելու մասին ոչինչ չի ասել. «Նախարարը միայն խոսում էր Մինգեչաուրի ուղղությամբ հնարավոր գործողություններ կատարելու մասին: Մնացածը վախեցած ադրբեջանցիների վառ երևակայության ու գիշերային վախերի արդյունքն է: Չեմ կարծում, որ ջրամբարը պայթեցնելու անհրաժեշտություն կլինի: Մենք ինքներս ապագայում կարող ենք օգտագործել այդ ռեսուրսը»:
Անդրադառնալով Հայաստանի մայրաքաղաքը ոչնչացնելու ադրբեջանցիների սպառնալիքին, Մելիք-Շահնազարյանն ասել է. «Ի գիտություն Ադրբեջանի բանակի հրամանատարության՝ Երևանը ռազմական օբյեկտ չէ և չի կարող լինել: Ժամանակակից աշխարհում Երևանի կարգի քաղաքը հողին հավասարեցնելու համար անհրաժեշտ զինատեսակը մեկն է՝ միջոիակյին ռումբը, որին Ադրբեջանը, փառք Աստծո, չի տիրապետում: Հակառակ դեպքում, դատելով այդ երկրում իշխող ռեժիմի ողջամտությունից, կամ դրա իսպառ բացակայությունից, իսկապես անհրաժեշտ էր լինելու զգուշանալ: Իսկ այսօրվա դրությամբ Բաքվի տիրապետած սպառազինությունները որևէ նման հնարավորություն չեն ընձեռում և Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այլ բան, քան անլրջությունն է, որակել չի կարելի»:
Ինչ վերաբերում է հավանական հրթիռակոծությանը, ապա քաղաքագետը նշեց, որ այս դեպքում Ադրբեջանը պետք է պատրաստ լինի համարժեք պատասխանի. «Եթե թշնամին մտածում է Երևանը ռմբակոծելու մասին, ապա թող պատրաստ լինի հայակական կողմի համարժեք, իսկ միգուցե նաև ավելի խիստ պատասխանին: Ավելին՝ ես վստահ եմ, որ պատերազմի վերսկսման դեպքում իրավիճակ թելադրողը լինելու են մեր Զինված ուժերը: Այնպես որ, Բաքվում թող ավելի ուշադիր հաշվարկեն Մինգեչաուրի ջրամբարի ջրերի հոսման ուղղությունն ու իրենց քայլերի հետևանքները»: