Կանզասի ազգային գվարդիան վերանորոգել է Սյունիքի մարզի Դարբաս համայնքի դպրոցն ու բուժկետը
Այս տարի Կանզասի ազգային գվարդիայի օդուժի ներկայացուցիչների ջանքերով վերանորոգվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի դպրոցն ու բուժկետը: Բացի այդ, Կանզասի ազգային գվարդիայի KC-135 ինքնաթիռով մարդասիրական հիմունքներով Հայաստան է հասցվել Միացյալ հայկական հիմնադրամի դեղերի ու բժշկական պարագաների խմբաքանակը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.1 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄն դեսպանատան մամուլի ծառայությունը:
Մարդասիրական նախաձեռնությունները, ըստ աղբյուրի, կյանքի են կոչվել Կանզասի ազգային գվարդիայի, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Պաշտպանության նախարարության, Միացյալ հայկական հիմնադրամի, Կրթության և գիտության նախարարության և Առողջապահության նախարարության գործակցության արդյունքում: ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը ցանկանում է նաև առանձնացնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Քաղաքացիական ավիացիայի վարչության ցուցաբերած օգնությունը:
Կանզասի ազգային գվարդիայի ու Ռազմական համագործակցության գրասենյակի համագործակցությունը Կանզաս նահանգի և Հայաստանի գործընկերության ծրագրի շրջանակում արդեն 11 տարվա պատմություն ունի: Այս տարվա աշխատանքների ծավալները, թերևս, ամենամեծն են: Նախորդ տարիների աշխատանքները ներառել են զինված ուժերի միջև իրականացվող ծրագրեր , մասնավորապես՝ աջակցության ՆԱՏՕ-ի գործառնական կարողությունների հայեցակարգի հարցում, դաշտային հոսպիտալների համակարգի ձևավորում, սերժանտական կազմի մասնագիտական զարգացում, ականազերծման աշխատանքների հետ կապված ուսուցումներ, ծանոթացում կիբերպաշտպանության հարցերին և իրավական ուղղվածության ծրագրեր: Կանզասի ազգային գվարդիան նաև աջակցել է ծրագրերի զինված ուժերի ու քաղաքացիական կառույցների միջև, օրինակ՝ ուսուցումներ աղետների պատրաստվածության և կենսաբանական անվտանգության հարցերի շուրջ: