Նախարար. Քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրների լուծման համար մի քանի ծրագրեր են մեկնարկել
Հայաստանի քաղաքաշինության գործունեությունը վերջին երեք ամիսներին ուղղված է եղել ոլորտում անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը, օրենսդրական նոր և ընթացքի մեջ գտնվող փաթեթների մշակմանը, քաղաքաշինական-ներդրումային նոր ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերին և նախարարության շարունակական ծրագրերի ընթացքի ապահովմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ամփոփ ներկայացնելով իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացրած աշխատանքը:
«Հանդիպել ենք ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների, Ճարտարապետության միության անդամների հետ՝ անդրադառնալով այն խնդիրներին, որոնք կան ոլորտում, նախանշելով մեր հիմնական անելիքները»,- ասաց նա:
Նախարարի խոսքով, ճատարապետների երկար տարիների խնդիրն է մեր բնակավայրերի, միջավայրի ճարտարապետական դեմքի պահպանումը, ճարտարապետների կարգավիճակը:
Խնդիրների լուծման ուղղությամբ, ըստ Ն. Սարգսյանի, արդեն մի քանի ծրագրեր են մեկնարկել:
Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ Ճարտարապետների միության հետ համատեղ մշակում են «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Ավարտական փուլում է գտնվում «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Արվել է քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննություն ՊՈԱԿ-ի ստեղծման առաջարկություն:
Ն. Սարգսյանն ասաց, որ ուշադրություն են դարձնելու Երևանից դուրս զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը: