Հայ-վրացական համագործակցության հերթական ձեռքբերումը
Կառավարության` օգոստոսի 14-ի նիստում էներգետիկայի նախարարը տեղեկացրեց, որ Հասատանում կառուցվելու է 540 ՄՎտ հզորության գազային նոր էլեկտրակայան: Համաձայն նախարարի հայտարարության` նոր էլեկտրակայանը կառուցվելու է «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» (Anaklia IEP (Industrial Eco Park) Holding) ՍՊԸ-ի կողմից, իսկ ներդրումային ծրագիրը կազմելու է մոտ 600 մլն ԱՄՆ դոլար:
Այս հայտրաարությունից հետո հայաստանյան լրատվական և մասնագիտական տարբեր հարթակներում քննարկումներ սկսվեցին դեռևս անհայտ կազմակերպության ծագման և նման խոշոր ներդրում կատարելու նպատակահարմարության մասին: Սակայն օրերս պարզ դարձավ, որ Anaklia IEP Holding-ն իրականում վրացական կազմակերպություն է: Այն միջազգային կոնսորցիում է, որը հիմնադրվել է աշխարհահռչակ «British Eco Power», «China Power», «Citik Group» (Hong Kong) կազմակերպությունների կոողմից:
Ինչպես տեղեկացրել է Anaklia IEP Holding-ի գլխավոր տնօրեն Թեյմուրազ Կարչավան Թբիլիսիի «Ռիա-Նովոստի» մամուլի ակումբում` նոր էլեկտրակայանը նախատեսվում է կառուցել Վանաձորում` նախկին ՋԷԿ-ի տարածքում: Այն բաղկացած է լինելու երկու էներգաբլոկներից` յուրաքանչյուրը 270 ՄՎտ հզորությամբ: Նոր էլեկտրակայանը կառուցվելու և շահագործվելու է Հայաստանում տեղծվող «Անակլիա էներջի» ընկերության կողմից:
Հայաստանի կառավարությունն իր կողմից երաշխավորել է գազի անխափան մատակարարում` տարեկան 1 մլրդ խմ ծավալով` հնարավոր ամենաէժան գնով, ինչպես նաև կայանների կառուցման նպատակով համապատասխան տարածքների հատկացում, հարկային արտոնություններ, բարձրավոլտ էլեկտրացանցերից օգտվելու հնարավորություն և էլեկտրաէներգիայի անարգել արտահանման իրավունք:
Հետաքրքրական է, որ արտադրվելիք գրեթե ողջ էլեկտրաէներգիան արտահանվելու է դեպի Վրաստան: «Անակլիա Այ Ի ՓԻ Հոլդինգը» նախատեսում է կառուցել Անակլիա նավահանգիստ` խտացված գազի արտահանման նպատակով, որի կառուցմանն ու շահագործմանն էլ ուղղվելու է էլեկտրաէներգիան:
Այս նախագիծն, անշուշտ, փոխկապակցված է նաև Հովիկ Աբրահամյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպման ընթացքում համաձայնեցված Հայաստան-Վրաստան 500 ՄՎտ հզորությամբ (հետագայում նախատեսվում է հզորությունը հասցնել 700 ՄՎտ-ի) միջպետական էլեկտրական հաղորդագիծ կառուցելու ծրագրի հետ, որի միջոցով էլ կարտահանվի էլեկտրաէներգիան:
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից բարձր աջակցություն վայելող այս ծրագիրը Հայաստանի էներգետիկ դաշտի համար` մասնավորապես և ընդհանուր տնտեսության համար` ընդհանրապես, կունենա մի շարք դրական էֆեկտներ: Նախ` Հայաստանը բարոյապես և ֆիզիկապես մաշված արտադրող կայանների կողքին կունենա նոր և առաջադեմ արտադրող կայան (օգտագործվելու են «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբիններ), որը հնարավոր կլինի ճգնաժամային իրավիճակներում շահագործել սեփական կարիքների համար:
Երկրորդ կարևոր առավելությունը` նոր աշխատատեղերի ձևավորումն է` թե օբյեկտների շինարարության ժամանակ և թե հետագա շահագործման: Մյուսն, իհարկե, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճն է, ինչը դրականորեն կազդի առևտրային սալդոյի վրա: Եվ վերջապես` ինչպես և բնորոշ է միջազգային առաջադեմ փորձին` տարածաշրջանում կզարգանա էներգետիկ համագործակցությունը` ի հաշիվ խտացող էներգամատակարարման ցանցերի, ինչը ռիսկերի նկատմամբ հավելյալ ապահովագրում կլինի:
Ինչպես երևում է վրացական կողմի փութաջանությունից` նոր էլեկտրակայանի շինարարությունը երկար սպասեցնել չի տա: Արդեն առաջիկա երկու ամիսներին սպասվում է, որ անհրաժեշտ տեխնիկան և սարքավորումները Անգլիայից կտեղափոխվեն Հայաստան:
Գոռ Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը