Սերգեյ Լավրովն հերքել է ռուսական զորամիավորումների առկայությունն Ուկրաինայի տարածքում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն հայտարարել է, թե Ուկրաինայի տարածք ռուսական զորքի ներխուժման վերաբերյալ մեղադրանքները կապված են վերջին օրերին Ուկրաինայի արևելյան շրջաններում աշխարհազորայինների արձանագրած ռազմական հաջողություններով:
«Նման մեղադրանքները փաստող հիմնավորումներ բացարձակապես չի տրամադրվել, և ընդամենը լսում ենք տարաբնույթ ենթադրություններ», - «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այսօր Մոսկվայում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Հիշեցնենք, նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չեղյալ էր հայտարարել Թուրքիա ծրագրված իր այցն ու Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել: Պորոշենկոն իր որոշումը հիմնավորել էր Դոնբասում իրավիճակի կտրուկ վատթարացմամբ: Ուկրաինական կողմի համաձայն, ռուսական կանոնավոր բանակը ճգնաժամից ի վեր առաջին անգամ իբր հատել է երկու երկրների միջև պետական սահմանն ու ներխուժել Ուկրաինայի տարածք: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հերքել էր ռուսական զինված զորամիավորումների Ուկրաինայի տարածքում գտնվելու վերաբերյալ լուրերը, դրանք համարելով «կեղծ տեղեկատվական արտահոսք»: