Գ.Սահակյանը վստահ է` Քուվեյթի չեզոք մոտեցումը իր լուրջ ներդրումը կունենա ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Քուվեյթի խորհրդարանի հայ-քուվեյթական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Ֆեյսալ Ֆահդ ալ- Շայիի գլխավորությամբ:
ԱԺ-ից տեղեկացնում են , որ Սահակյանը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հայ-քուվեյթական զարգացող հարաբերությունների համար այս այցը գործուն նշանակություն կունենա և կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:
Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, և արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր հարթություններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է նաև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և փաստել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած են պետությունների և ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության, միջազգային խաղաղության, անվտանգության ամրապնդման, տարածաշրջանային կայունության սկզբունքները:
Նրա կարծիքով` արաբական բարեկամ պետությունների անաչառ և չեզոք մոտեցումը միջազգային և տարածաշրջանային հարթակներում շրջանառվող ադրբեջանամետ նախաձեռնությունների վերաբերյալ իր լուրջ ներդրումը կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար: Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել քուվեյթահայ համայնքի նկատմամբ ջերմ ու հոգատար վերաբերմունքի և Սիրիայից տարհանված սիրիահայերին նյութական օժանդակություն ցուցաբերելու համար:
Խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հայ-քուվեյթական առևտրատնտեսական հարաբերություններին մեծ զարգացում է սպասվում, ինչն ավելի լայն հորիզոններ կբացի հետագա փոխշահավետ համագործակցության համար: Նա նշել է, որ Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-քուվեյթյան համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության:
Իր հերթին Քուվեյթի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային ասել է, որ բարեկամական խմբերի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր և անդրադարձ է կատարվել առողջապահության, գիտության և այլ ոլորտների ներդրումային ծրագրերին: Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային նշել է, որ Ցեղասպանության և ընդհարապես մարդկության դեմ գործված ոճրագործությունների վերաբերյալ Քուվեյթն ունի հստակ վերաբերմունք և խաղաղության կոչ է անում բոլորին՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից:
Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի անունից ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և Հայսատան-Քուվեյթ բարեկամական խմբին հրավիրել է Քուվեյթ: Հրավերը սիրով ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան