Հայաստանում քաղաքացիական հասարակությունն օրեցօր ուժեղանում է, հասնում է նոր ձեռքբերումների. Լ. Ալավերդյան
Այսօր Հայաստանում քաղաքացիական հասարակությունն օրեցօր ուժեղանում է, հասնում է նոր ձեռքբերումների: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, որտեղ չկա խոսքի ազատություն, այնտեղ չի կարող լինել քաղաքացիական հասարակություն. «Քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում խոսքի ազատությունն անհրաժեշտ պայման է»:
Լ. Ալավերդյանի խոսքով, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման սկիզբը պետք է համարել 1989 թվականը: «Քաղաքացիական հասարակության կայացման հռչակումը տեղի է ունեցել 1989 թվականին, երբ որ համազգային շարժման ղեկավարությունը հայտարարեց ժողովրդավարության, իրավական պետության կայացման սկիզբը, նպատակը»,- ասաց նա:
Ըստ Լ. Ալավերդյանի, քաղաքացիական հասարակության կայացման մակարդակը գնահատվում է՝ ինչքանով է մասնակցում երկրի կառավարմանը:
««Դեմ եմ» շարժման ջատագովն եմ, գրագետ, զուսպ, վերին աստիճանի գրագետ է գործում: Սա խոսում է մի նոր որակի մասին, որ հասել է քաղաքացիական հասարակությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիական հասարակության կայացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ավելի գրագետ լինել այն ոլորտում, որտեղ հանդես ես գալիս, քան իշխանության ներկայացուցիչները:
Նրա դիտարկմամբ, քաղաքացիական հասարակությունը հազվադեպ է կայանում շնորհիվ իշխանությունների:
Պատասխանելով հարցին, ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հայտարարությունը, թե քաղաքական ուժերի կողմից խոստացած թեժ աշնանը ոստիկանությունը պատասխանելու է սառը ցնցուղներով, արդյո՞ք նման պայմաններում հնարավոր է քաղաքացիական հասարակության կայացում, Լ. Ալավերդյանն ասաց. «Վլադիմիր Գասպարյանի արտիստիզմն է պահանջում, որ եթե ասում են տաք, ինքն ասի սառը»:
Ասուլիսին ներկա «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն ասաց, որ անցած տարի Հայաստանն ազատ ինտերնետ տարածող երկրների ցանկում զբաղեցրել է 29 տեղը (առաջին երեք տասնյակը համարվում են ազատ ինտերնետ տարածող երկրներ): Ըստ նրա, առանց ազատ տեղեկատվության փոխանակման հնարավոր չէ կառուցել քաղաքացիական հասարակություն:
«Նման ինտերնետի ազատությունը շատ-շատ երկրներ կերազեին»,- ասաց Գ. Սաղյանը:
Սեպտեմբերի 19-ը Քաղաքացիական հասարակության օրն է: Այս օրը նշվում է 2009 թվականից, որի նպատակն է մարդկանց շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և նրանց ներգրավել քաղաքացիական հասարակության ձևավորման ու զարգացման գործում: Քաղաքացիական հասարակությունն անկախ քաղաքացիների ինքնակառավարման և կամավոր ասոցիացիաների ու կազմակերպությունների համակարգ է, որն անմիջական կախում չունի պետական իշխանության մարմինների հայեցողությունից: