Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ համար առաջնահերթություն է անդամ պետությունների կայունության և ինքնիշխանության ապահովումը
«ՀԱՊԿ անդամ պետությունների կայունության, ինքնիշխանության և տեղեկատվական անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»,- այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Աստանա-Երևան տեսակամուրջի ձևաչափով տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոյալ Բորդյուժան:
Նրա խոսքով՝ արևմտյան մի շարք պետություններ օգտագործում են տեղեկատվական միջավայրը ՀԱՊԿ անդամ պետություններում ապակայունացնող գործընթացներ հրահրելու համար, ինչը, ըստ նրա, ավելի ակնառու դարձավ ուկրաինական իրադարձությունների համատեքստում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չբացառեց, որ տեղեկատվական հարձակումները կակտիվանան նաև Եվրասիական տնտեսական միության ձևավորման և կառույցին Հայաստանի ու Ղրղզստանի միանալու գործընթացում:
«Հայտնի փաստ է, որ տեղեկատվական միջավայրը արևմտյան մի շարք պետությունների կողմից օգտագործվում է ՀԱՊԿ անդամ պետություններում կայունության վրա բացասական ազդեցություն գործելու համար: Մեր աչքերի առաջ Ուկրաինայի օրինակն է: Կարծում եմ, որ իրավիճակն ապակայունացնելու համար տեղեկատվական ռեսուրսներ օգտագործելու փորձեր արվելու են այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում, արդեն իսկ արվում են»,- ասաց Բորդյուժան՝ հավելելով, որ տեղեկատվական այդ հարձակումներին դիմագրավելու համար ՀԱՊԿ շրջանակներում ձևավորվելու է հատուկ ստորաբաժանում:
Նա անդրադարձավ նաև ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծմանը: Բորդյուժան նշեց, որ ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության միասնական համակարգը բաղկացած է երեք տարրերից:
«Դրանք հայաօդային պաշտպանության ռուս-հայկական, ռուս-բելառուսական և ռուս-ղազախական համակարգերն են: Հեռանկարում նախատեսվում է, որ այս երեք տարրերը կգործեն միաժամանակ՝ հիմնվելով օդային տարածության վերահսկողության և մարտական հերթապահության միևնույն կանոնների վրա»,- ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան