ՀԱՊԿ-ը համարժեք կպատասխանի ՆԱՏՕ-ի գործողություններին
Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը հրահրում է այդ երկրում իրավիճակի սրումը: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Աստանա-Երևան տեսակամուրջի ձևաչափով տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը ես դիտարկում եմ երևույթ, որը միայն հրահրում է իրավիճակի սրումը: Մի երկրի տարածքում զորավարժություններ անցկացնելը, որը գտնվում է քաղաքացիական պատերազմի վիճակում, որտեղ մինչև վերջ չի դադարեցվել կրակը, ոչ այլ ինչ է, քան փորձ մղել պետությանը կամ հակամարտող կողմերից մեկին դիմել ակտիվ գործողությունների»,- ասաց Բորդյուժան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը այդ փաստը համեմատեց երկու մարդկանց միջև կռվի հետ, երբ ինչ-որ մեկը թիկունքից դանակ է տալիս նրանցից մեկին: Ըստ Բորդյուժայի՝ նման դեր է Ուկրաինայում ստանձնել ՆԱՏՕ-ն:
Նա անդրադարձավ նաև Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որի արդյունքներով որոշվել է փոխել ՆԱՏՕ-ի ռազմական դոկտրինը: Բորդյուժայի վստահեցմամբ՝ ՀԱՊԿ-ն համարժեք արձագանքում է և կարձագանքի ՆԱՏՕ-ի գործողություններին:
«ՆԱՏՕ-ի պետությունների գործողություններին մենք համարժեք արձագանքում ենք: Օրինակ, դուք հավանաբար գիտեք Բելառուսի տարածքում ռուսական ավիացիոն ռազմակայանի ստեղծման մասին: Այն ստեղծվում է՝ ի պատասխան Մերձբալթիկայում ԱՄՆ-ի կողմից զինվաժ ուժերի տեղակայման փորձերին: Իհարկե, կլինեն պատասխան քայլեր, որոնք կապահովեն մեր կայունությունն ու անվտանգությունը»,- ընդգծեց Նիկոլայ Բորդյուժան:
Նախորդիվ`
Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ համար առաջնահերթություն է անդամ պետությունների կայունության և ինքնիշխանության ապահովումը