Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանության վերաբերյալ շուրջ հիսուն գաղտնազերծված փաստաթուղթ է հրապարակել
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է գաղտնազերծված շուրջ 50 փաստաթուղթ, որոնք վերաբերվում են 1915 թվականի 1.5 միլիոն հայերի կոտորածներին, ինչպես նաև այդ հարցում Միացյալ Թագավորության քաղաքականությանը:
Հրապարակված փաստաթղթերը պարունակում են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից գրված նամակներ, որոնք ուղարկվել են նախարարներին և պատգամավորներին:
Մասնավորապես` տարբեր փաստաթղթերից նաև պարզ է դառնում, որ նախարարին առաջարկվում է Հայոց ցեղասպանության խնդրին անդրադառնալիս ընտրել նախընտրելի քաղաքականություն և 1915 թվականի դեպքերը չճանաչել որպես Ցեղասպանություն, քանզի այդ տարբերակը Միացյալ Թագավորության քաղաքականության համար կարող է վնասակար լինել` ավելացնելով այլ լոբբիստական խմբերի ճնշումները, որոնք կսկսեն պահանջել նաև «այլ ցեղասպանությունների» ճանաչում, իսկ մյուս կողմից էլ կարող է վտանգի տակ դրվել Թուրքիայի հետ ունեցած կարևոր հարաբերությունները:
Փաստաթղթերում նաև խոսք է գնում հայկական սփյուռքի լոբբիստական գործունեության մասին, որի նպատակն է, ըստ փաստաթղթերի, «համոզել աշխարհի կառավարություններին 1915-1917 թթ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները վկայակոչել «Ցեղասպանություն» եզրույթով»:
Հրապարակումներից պարզ է դառնում նաև, որ նախարարությունը հրաժարվել է Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթեր տրամադրել հայտնի բրիտանացի իրավապաշտպան, ակադեմիկոս Ջեֆրի Ռոբերթսոնին` Ցեղասպանության մասին աշխատանք գրելու ժամանակ:
Նկատենք, որ Ջեֆրի Ռոբերթսոնը 2009 թվականին արդեն իսկ հրապարակել էր «Արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանություն» վերնագրով իրավաբանական բնույթի ուսումնասիրություն, որտեղ հեղինակը պահանջում է աշխարհից ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը` այդ գործում մեծ դերակատարում տալով ոչ թե պատմաբաններին, այլ իրավաբաններին: Վերջինս իր աշխատանքում Բրիտանական մերժողական քաղաքականության մասին գաղտնազերծված փաստաթուղթ էր նաև մեջբերել, որը միայն հիմա է բրիտանական արտգործնախարարության կողմից գաղտնազերծվել և հրապարակվել:
Նշենք նաև, որ առաջիկայում լույս է տեսնելու Հայոց ցեղասպանության մասին Ջ. Ռոբերթսոնի ավելի ընդլայնված անդրադարձը, որը կրում է «An Inconvenient Genocide: Who Now Remembers the Armenians» անվանումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը