Պորոշենկո. ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կեղծ ընտրությունները չեն ճանաչվելու
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե Ուկրաինան չի ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրությունները, քանի որ դրանց անցկացումը չի համապատասխանում ուկրաինական օրենսդրությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել նախագահի մամուլի ծառայությունը:
«Այսպես կոչված կեղծ ընտրությունները, որոնք անցկացվելու են նոյեմբերի 2-ին ուկրաինական օրենսդրությանը չհամապատասխանելու դեպքում, առանց հրադադարի ռեժիմի պահպանման, առանց միջազգային դիտորդների չեն կարող ճանաչվել խորհրդակցությունների մասնակիցներից որևէ մեկի կողմից», - հայտարարել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, նոյեմբերի 2-ին կայանալու են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների գերագույն խորհուրդների պատգամավորների ընտրություններ, մինչդեռ դրանց անցկացումը արդեն օրենքի մեջ մտած «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքով նախատեսված է դեկտեմբերի 7-ին: