Մ.Մելքումյան. Եռյակ-քառյակն այժմ «թափ հավաքելու» փուլում է
«Բոլոր գաղտնքները չենք բացահայտում, որովհետև դա կկոչվի ոչ թե հարցազրույց, այլ կնմանվի «բացահայտում» հաղորդաշարին: Ամեն դեպքում կարող եմ վստահեցնել, որ մենք թափանցիկ ենք աշխատում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է տեղի ունենալու վաղվա հանրահավաքում, քանի որ եռյակը ներկայացնող տարբեր քաղաքական գործիչներ տարբեր մեկնաբանություններ են անում:
Միևնույն ժամանակ հարցին` հնարավո՞ր է վաղվա հանրահավաքում այնպիսի անակնկալ լինի, որ այս պահին թաքցվում է բոլորից պատգամավորը միանշանակ «ոչ» պատասխանը տվեց: Բայց և նեղսրտեց, երբ լրագրողները այդ պատասխանից ենթադրեցին, թե սովորական հանրահավաք է լինելու:
«Ի՞նչ է նշանակում` սովորական հանրահավաք: Կամ դուք ինչ էիք սպասում»,- հետաքրքրվեց Մ.Մելքումյանը: Լրագրողները միաձայն հստակեցրեցին՝ իշխանափոխություն, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը միայն ասաց, որ չի կարծում, թե իշխանափոխության կոչ են անում ու իշխանությունը փոխվում է:
«Վաղը կլինի գործողությունների ծրագիրը, Գագիկ Ծառուկյանի ելույթը կլինի` կիմանաք»,- հավելեց նա:
Նրա կարծիքով, բնական ճանապարհով պետք է իշխանափոխություն պահանջող ուժերը ուժեղանան, իսկ եռյակ-քառյակն այժմ «թափ հավաքելու» փուլում է: Դիտարկմանը, թե մինչ Գ.Ծառուկյանն ուժեղանում է, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ նախագահին ոչ ոք չի կարող փոխել, Մ.Մելքումյանը հերթական հարցը հնչեցրեց՝ «իսկ դուք ի՞նչ էիք ենթադրում»: