«LE VIF.be». Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների վերսկսումը շաբաթների հարց է
Բելգիական առաջատար «LE VIF.be» պարբերականը անդրադարձել է Արցախի Հանրապետության օդանավակայանի շահագործման խնդրին` նշելով, որ Ստեփանակերտը հավանաբար միակ մայրաքաղաքն է, որի օդանավակայանը չի իրականացնում թռիչքներ:
Ըստ պարբերականի` օդանավակայանի նպատակը Ստեփանակարտ-Երևան օդային հաղորդակցության իրականացումն է որպես այլընտրանք ներկա գործող ավելի քան 330 կմ երկարությամբ լեռնային ճանապարհին:
«Օդանավակայանի վերաբացումից հետո այն երբևէ թռիչքներ չի իրականացրել շատ պարզ պատճառով. Ադրբեջանի իշխանությունները սպառնացել են կործանել ցանկացած ինքնաթիռ` անգամ եթե դրանք քաղաքացիական նշանակության են լինելու»,- գրում է պարբերականը:
Անդրադառանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` պարբերականը հիշեցնում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին և շեշտադրում, որ այդ նպատակով 1989–ից մինչև 1992 թվականները Ադրբեջանը ռմբակոծությունների էր ենթարկում Ստեփանակերտ քաղաքը:
Պարբերականը մեջբերում է Արցախի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի խոսքերն այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսված է միայն քաղաքացիական նշանակության թռիչքներ իրականացնելու համար, ինչպես նաև, որ Բաքվի սպառնալիքներին կարելի է պատասխանել իրենց իսկ լեզվով, սակայն «Արցախը երբեք նման բարբարոս խաղեր չի խաղում»:
Պարբերականը հիշեցնում է, որ չնայած հունիս ամսին տեղի ունեցած թռիչքներից մեկը մեծ աղմուկ էր հարուցել Ադրբեջանում, այդուամենայնիվ, օդանավակայանի շահագործումը վաղ թե ուշ տեղի է ունենալու, այն ընդամենը շաբաթների խնդիր է: