«ՀԱՊԿ ԽՎ-ի դերը ոչ միայն կարևոր է, այլև գտնվում է գործնական դրսևորումների հարթությունում»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Նովո-Օգարյովոյում ի թիվս ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների` ընդունել է նաև ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով հանդես է եկել ելույթով.
«Ռուսաստանի Դաշնության հարգարժան Նախագահ,
հարգարժան Սերգեյ Եվգենիի,
հարգելի գործընկերներ,
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր պատասխանատվության գոտում կայունության և անվտանգության ապահովման համար հանդիսանում է առանցքային գործիք, որն անվտանգության սպառնալիքի առաջացման դեպքում կոչված է ապահովելու հավաքական պաշտպանություն՝ միևնույն ժամանակ նպատակներին հասնելու գործում առաջնահերթություն տալով քաղաքական, դիվանագիտական միջոցներին:
Խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրն է՝ հավաքական անվտանգության համակարգի ձևավորման և զարգացման հարցում ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման ապահովմանը նպաստելը, ինչը հնարավոր է վեհաժողովի գործունեության կատարելագործման դեպքում, հատկապես այլ բազմակողմ կազմակերպություններում խորհրդարանականների մասնակցության առումով:
Նման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ ՀԱՊԿ մի շարք գործընկերների դիրքորոշումը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի ոգուն, ինչպես նաև այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են կազմակերպության շրջանակներում:
Ենթադրում եմ, որ անցյալում կմնան այն դեպքերը, երբ որոշ անդամ պետությունների խորհրդարանականները երբեմն չեն պաշտպանել ՀԱՊԿ իրենց դաշնակիցների դիրքորոշումը:
Անվտանգության հարցերով որոշումների ընդունման հապաղումը բխում է նրանց շահերից, ովքեր հրահրել են լարվածություն? դառնալով մեր ուշադրության և մտահոգության առարկան:
Հարգարժան գործընկերներ,
Այս ամենը վերահաստատում է, որ ՀԱՊԿ ԽՎ-ի դերը ոչ միայն կարևոր է, այլև գտնվում է գործնական դրսևորումների հարթությունում:
Այս առումով անհրաժեշտ է մեր ուշադրությունը սևեռել այնպիսի կարևոր հարցերի վրա, ինչպիսիք են ՀԱՊԿ-ի և կազմակերպության անդամ պետությունների շահերից բխող հարցերում միասնական դիրքորոշման դրսևորումը, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցում դաշնակցային պարտավորությունների առաջնահերթություններից ելնելը, ինչպես նաև ստույգ որոշումների և հասցեական հայտարարությունների ընդունումը, որոնք բխում են ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական հիմքի վրա անվտանգության ապահովման շահերից»: