Իրանն ու Ռուսաստանը նոր ատոմակայաններ կկառուցեն
«Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին մեկնել է Մոսկվա»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ նախատեսվում է, որ Սալեհին իր ռուս գործընկերոջ՝ «Ռոսատոմ» կազմակերպության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ նոր ատոմակայաններ կառուցելու մասին պայմանագիր կստորագրի:
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Բեհրուզ Քամալվանդին ավելի վաղ «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ Իրանն ու Ռուսաստանը առաջիկայում ևս երկու ատոմակայան կկառուցեն:
Նկատենք, որ Բուշեհրի ատոմակայանի շինարարության մեկնարկը տրվել է Մոհամմադ Ռեզա Փահլավի շահի օրոք 1975թ.-ին: Սկզբնական շրջանում դրա շինարարությամբ զբաղվում էր գերմանական մի ընկերություն, սակայն 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո ատոմակայանի շինարարությունը դադարեցվեց, իսկ որոշակի ժամանակ անց Ռուսաստանի աջակցությամբ ավարտին հասցվեց շինարարությունը և 2013թ. արդեն պաշտոնապես հանձնվեց շահագործման: