Սա Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է, ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը. ԱԺ նախագահ
Ազգային Ժողովի հերթական նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտեց նախօրեին տեղի ունեցած միջադեպը՝ Բաքվի իշխանություններին մեղադրելով խաղաղ բանակցային գործընթացում լարվածություն մտցնելու համար:
«Խոցված ուղղաթիռը պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է, ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Այս տարվա օգոստոս ամսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ ոտնձգություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած միջնորդական ջանքերը, հորդորները փաստորեն հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու ևս մեկ քայլ է, որով ոտնահարվում է խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները: Իրավիճակի սրման և ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները, ուստի հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին դատապարտել և առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողված փորձերը կանխելու նպատակով»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Այնուհետ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ուսումնավարժական թռիչքի ընթացքում իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհված ԼՂՂ ՊԲ երեք զինծառայողների հիշատակը:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հետ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք իրականացրեց, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքները, թե իբր հայկական ուղղաթիռներն իրենց դիրքերի ուղղությամբ հարձակման փորձեր են արել, ու իբրև թե իրենք էլ միայն պատասխանել են այս քայլին, անհեթեթ են:
«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ