Վլադիմիր Պուտին. Ուկրաինան ապագա կունենա միայն դաշնայնացման դեպքում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Ուկրաինան ապագա կունենան միայն դաշնայնացման դեպքում:
«Ուկրաինան բարդ երկիր է և ոչ միայն էթնիկ կառուցվածքով, այլև արդի աշխարհում նրա ձևավորման գործընթացների համատեքստում»,-ասել է Պուտինը գերմանական «ADR» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Հարցազրույցի սղագրությունը զետեղված է Կրեմլի կայքում:
Պատասխանելով հարցին, թե ունի արդյոք Ուկրաինան ապագա, Պուտինն ասել է. «Կարծում եմ, իհարկե, ունի: Դա մեծ երկիր է, մեծ ժողովուրդ՝ 43-44 միլիոն բնակչությամբ: Մեծ եվրոպական պետություն է՝ եվրոպական մշակույթով»:
Այնուհանդերձ, ՌԴ նախագահի կարծիքով, Ուկրաինային չի բավարարում մեկ հանգամանք:
«Չի բավարարում, կարծում եմ, այն գիտակցումը, որ եթե ցանկանում են դառնալ հաջող, կայուն բարգավաճող երկիր, այնտեղ բնակվող բոլոր մարդիկ, անկախ այն հանգամանքից, թե ինչ լեզվով են խոսում, զգան, որ այդ տարածքն իրենց հայրենիքն է», - պարզաբանել է ՌԴ նախագահն ու հավելել. «Այդ իսկ պատճառով չեմ հասկանում, թե ինչու Ուկրաինայում որոշ քաղաքական ուժերի դաշնայնացման մասին անգամ լսելու ցանկություն չունեն», - ասել է Պուտինը:
«Մենք այժմ լսում ենք, թե խոսք կարող է գնալ ոչ թե դաշնայնացման, այլ ապակենտրոնացման մասին: Այդ ամենը լոկ բառախաղ է: Հարկ է հասկանալ, թե ինչ է ներդրվում այդ հասկացությունների մեջ. ապակենտրոնացում, դաշնայնացում, տարածաշրջայնացում: Կարելի է հորինել ևս տասնյակ բառեր, սակայն կարևորն այն է, որ այնտեղ բնակվող մարդիկ հասկանան, որ ինչ-որ բանի իրավունք ունեն, կարող են ինքնուրույն իրենց կյանքում որևէ որոշում կայացնել»,-ասել է Պուտինը: