Մոտ 20 հազար քուրդ փախստական վերադարձել է Քոբանի
Մոտ 20 հազար քուրդ փախստական է վերադարձել Սիրիայի Քոբանի քաղաքի այն բանից հետո, երբ քրդական զինված ստորաբաժանումները «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններին դուրս են քշել քաղաքի մեծ մասից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Haberturk հեռուստակայանին:
«Քոբանիում վերջին օրերին Քրդական ժողովրդավարական միության առաջխաղացումը թույլ է տվել 20 հազար քրդերի վերադառնալ քաղաք: Նրանց անհրաժեշտ է դեղորայք, սնունդ, հագուստ: Մենք զբաղվում ենք այդ հարցերով»,-ասել է քաղաքապետ Էնվեր Մուսլիմը:
Նրա խոսքով, ներկայում քաղաքի 80%-ը գտնվում է քրդական ստորաբաժանումների ձեռքում, իսկ 20%-ը դեռ շարունակում է մնալ ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ:
Մուսլիմը միաժամանակ Թուրքիայի կառավարությանը կոչ է արել բացել «օգնության միջանցքը»:
«Եթե Քոբանին անցնի ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ, ապա նրանք կշրջվեն Թուրքիայի կողմը: Մենք Թուրքիայի իշխանություններին բազմիցս խնդրել ենք բացել «օգնության միջանցքը», սակայն պատասխան չենք ստացել»,-ասել է նա: